Եթե մարդը մի բան հայտարարում է, ուրեմն զգում է իր վրա, որ հայտարարում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ամբողջ պետական ապարատը հանել են իր եւ ԲՀԿ-ի դեմ:

Հարցին, թե ինչպես է արտահայտվում պետական ապարատը իրենց դեմ հանելը, նա արձագանքեց, որ պատրաստ չէ այս պահին այդ հարցին պատասխանելու. «Այո, զարգացումներ կան բոլորի նկատմամբ, այդ թվում իմ նկատմամբ»:

Դիտարկմանը, որ դա կապված է իր Գյումրիի քաղաքապետ եղած շրջանի՞ն, Ղուկասյանն ասաց. «Չգիտեմ, սպասում ենք: Էդ ասֆալտի գործը էնքան է քննարկվել ու ստուգվել, որ քննիչ չի մնացել, որ այդ ասֆալտը չափած չլինի: Ես լսում եմ, որ քրեական գործ է նախապատրաստվում իմ դեմ, բայց ես չգիտեմ»:

Հարցին, թե արե՞լ է մի բան, որի համար մտահոգվելու առիթ լինի, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Դուք ավելի շատ բան եք արել, քան ես»: