Մենք ունենք Սահմանադրություն եւ ընդունված օրենք. մենք՝ դատավորներս պարտավոր ենք իրականացնել օրենքի ընդունումից հետո կատարված գործողությունները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդոյք սահմանադրական է համարում գործընթացը, որով ՍԴ-ում երեք տեղ թափուր է մնացել եւ ինքն էլ առաջադրվել է թեկնածու:

«Թե քաղաքական տեսանկյունից մինչեւ օրենքի ընդունումը ինչ է տեղի ունեցել, մենք՝ դատավորներս, դրա գնահատականը տալու իրավունքը չունենք: Գործող դատավորը նման գնահատական չի կարող տալ:  Պատկերացրեք դատավորի վարքագիծը, որը գնահատական է տալիս ընդունված սահմանադրական նորմի կամ օրենքի եւ որակում է որպես ոչ օրինական գործընթացով ընդունված նորմատիվ ակտ:

Ինձ որպես մարդ շատ բան կարող է հուզել, բայց յուրաքանչյուր դատավոր պարտավոր է կատարել օրենքի պահանջները: Եթե դատավորն ասում ՝ այս կամ օրենքի նորմը հակաօրինական է, մենք ի՞նչ ենք քարոզելու այդ վարքագծով, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով հանրաքվեի ժամանակ Սահմանադրությանը դեմ է քվեարկել,  ինքը կարող է ասել՝ սահմանադրական նորմերը չեմկատարում, որովհետեւ դեմ եմ քվեարկե՞լ»: