Համավարակի պատճառով տեւական ընդմիջումից հետո այսօր քաղաքապետարանում կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որը վարել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Մինչ քաղաքային տնտեսության ոլորտներին անդրադառնալը՝ քաղաքապետը շնորհավորել է առաջին դասարանցիներին՝ մաղթելով նրանց հաջողություններ ուսման մեջ:

«Մեր աշխատանքն է՝ ամեն ինչ անել, որպեսզի մեր ամենափոքրիկներն այս ամեն ինչը հիշեն՝ որպես կյանքի ինչ-որ հետաքրքիր պահ, ոչ թե դժվարությունների, պարտադրանքների կամ զրկանքների մի ժամանակահատված: Շատ կարեւոր է, որ մեծ ուշադրություն լինի հենց առաջին դասարանցիներին, այն փոքրիկներին, որոնք առաջին անգամ են գնում դպրոց: Իրենք պետք է սիրեն դպրոցը, սիրեն ուսումը, որովհետեւ միայն իրենցից է կախված մեր ապագան»,- նշել է քաղաքապետը:

Արտակարգ դրության պայմաններում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմն ու համայնքային կառույցներն աշխատել են ամենօրյա ժամանակացույցով: Քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին՝ նվիրումի ու պատասխանատվության համար:

«Չի եղել պահ, որ ինչ-որ մի ոլորտ թերանա, չնայած եղել են պահեր, որ բռնկումներ ենք ունեցել: Շնորհակալություն եմ հայտնում այս ծանր պայմաններում նվիրված, առանց նահանջելու աշխատանքի համար, որպեսզի մեր բնակիչներն ընդհանրապես չզգան, որ ինչ-որ խնդիրներ են առաջացել համակարգի ներսում: Սա այն ժամանակահատվածն էր, որ մենք պետք է ընկալեինք դժվարությունները, հասկանայինք խնդիրները, ինչպես ենք հաղթահարում այդ խնդիրները եւ հիմա արդեն սկսենք աշխատել, որ, այո՛, այս պայմաններում, մենք մեր աշխատանքը կատարենք բնականոն հունով»,- ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսված ծրագրերն ընթանում են ըստ ժամանակացույցի: Քաղաքապետին զեկուցվել է, որ ընթացքում է Բաբաջանյան-Աշտարակ եւ Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինարարությունը: Ավարտին է մոտենում աղբամանների գնման գործընթացը. մայրաքաղաքում ընդհանուր առմամբ արդեն իսկ տեղադրվել է շուրջ 8700 նոր աղբաման:

Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երեւանի վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի աղբամուղերը փակելու աշխատանքներ են տարվում: Դրանց փոխարեն շենքերի մոտակայքում տեղադրվում են անհրաժեշտ քանակության նոր աղբամաններ։ Սահմանված ժամանակացույցով շարունակվում է նաեւ վերելակների փոխարինման ծրագիրը: 2020թ. մայրաքաղաքում նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ:

«Ես պահանջում եմ բոլորից, որ ոչ թե արձանագրենք խնդիրները, այլ առաջարկենք հստակ լուծումներ: Մենք իրավունք չունենք սխալ արդյունքներ ցույց տալ: Ամեն տվյալ, ամեն դեպք, ամեն իրադարձություն պետք է զեկուցվի հստակորեն: Չեմ հանդուրժելու լղոզված զեկույցներ, որովհետեւ դա ինձ չի վնասելու, այլ՝ համայնքին, իսկ ես համայնքին վնաս տալու իրավունք չունեմ»,- ընդգծել է քաղաքապետը: