ՀՀ բնակչությունը հասցնել մինչեւ առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ, 20-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, 7-նապատկել միջին աշխատավարձը․ սրանք մինչև 2050թ․ Հայաստանի վերափոխման ռազմավարության տեսլականներից մի քանիսն են, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նախօրեին` անկախության տարեդարձի առիթով։

NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն անդրադառնալով այս թվերին, նշեց, որ ցանկացած զարգացման ռազմավարություն պետք է պարունակի ոչ միայն վերջնանպատակի թվեր, այլև ճանապարհային քարտեզ։

«Մասնավորապես՝ ներկայացնելով հիմնական կառուցվածքային բարեփոխումները, որոնց իրագործման պայմաններում կարողանում ես հասնել այդպիսի ցուցանիշերի։ Խոսքը 30 տարվա ընթացքում ՀՆԱ-ի քսանապատկման մասին է։ 2019թ․-ի արդյունքներով՝ Հայաստանում ՀՆԱ-ն կազմել է 6 տրիլիոն 550 մլրդ դրամ, այսինքն՝ այդ տրամաբանությամբ՝ 2050թ․-ին մենք պետք է ունենանք շուրջ 131 տրիլիոն դրամ կազմող ՀՆԱ։ 5 մլն բանկչության պայմաններում դա մեկ շնչի հաշվով կկազմի շուրջ 26, 2 մլն դրամ, նույնիսկ եթե 30 տարվա մեջ ունենանք դրամի արժեզրկում և օրինակ՝ 1 դոլարը կազմի 700 դրամ, սա կնշանակի, որ տարեկան մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կկազմի շուրջ 37 000 դոլար։ Այսինքն՝ մենք պետք է դասվենք աշխարհի զարգացած տնտեսությամբ երկրների շարքը, ինչը, բնականբար երազելի նպատակ է, բայց ինձ համար շատ ավելի կարևոր է, թե ինչպիսի ճանապարհով պիտի անցնենք»,- ասաց պարոն Խաչատրյանը։

Որպեսզի Հայաստանը հասնի նման արդյունքի, ապա ըստ պատգամավորի՝ այս 30 տարվա ընթացքում տարեկան միջինում պետք է ունենանք 10 տոկոսից ավել տնտեսական աճ։

«Նման տնտեսական աճ ունենալու համար տնտեսական աճի պոտենցիալը պիտի բավարարի դրա համար, այսինքն՝ ամեն տարի պետական բյուջեի հետ միասին, երբ գնահատվում կամ ընթացիկ մակրոտնտեսական վերլուծություններ և գնահատականներ են իրականացվում, հաջորդ տարվա ընթացքում մենք միշտ պետք է պլանավորենք, որպեսզի մեր տնտեսական աճի պոտենցիալը 10 տոկոսից ավելի լինի։ Նման պոտենցիալ ունենալու համար հսկայական ներդրումներ և կապիտալ ծախսեր են անհրաժեշտ, որովհետև կապիտալ ծախսերի և իրական հատվածում ուղղակի ներդրումների ավելացման հաշվին մենք կարող ենք դա ունենալ։ Ինչ ունենք այսօր․ 2020թ․-ի առաջին եռամսյակի արդյունքներով իրական հատվածում ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքի բացասական ցուցանիշ, եթե չեմ սխալվում -11,3 մլրդ դրամ, որը հսկայական թիվ է։ Կապիտալ ծախսերի առումով ևս խնդիրներ ունենք, թեև տարեկան կապիտալ ծախսերի համար զգալի թիվ էր նախատեսված, բայց միայն 2020թ․-ի առաջին կիսամյակի արդյունքերով կապիտալ ծախսերը թերակատարվել են, դրա համար նախատեսված ցուցանիշի համեմամատ ավելի քան 60 տոկոսով»,-ընդգծեց Արկադի Խաչատրյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ բարձր ցուցանիշների կարելի է հասնել կառուցվածքային բարեփոխումների և արտադրողականության կտրուկ աճի հաշվին։ Ա․Խաչատրյանն արձանագրում է, որ այս պահին լրջագույն նպատակներին հասնելու համար ճանապարհային քարտեզը տեսանելի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։