ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, հանդես եկավ ուղերձով։
Ուձերձը վերաբերում էր Արցախի վերաբերյալ փաստաթուղթը ստորագրելու պատճառներին։
Վարչապետն իր ուղերձում, մասնավորապես, ասաց.
«Սիրելի ժողովուրդ, քույրեր եւ եղբայրներ, Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են չափազանց դժվար օրեր, մեր՝ բոլորի սրտի մեջ կսկիծ կա, մեր՝ բոլորի աչքերի մեջ՝ արցունք, մեր՝ բոլորի հոգու մեջ՝ ցավ։ Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ավարտը այնպիսի մի փաստաթղթի ստորագրմամբ, ինչպիսին է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, ըստ էության, հանրային հուսահատություն է առաջացրել եւ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանն առաջին հերթին ակնկալվում է ինձանից։
Ինչո՞ւ ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ, դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը, իսկ Արցախի նախագահն ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չկանգնեն, ապա օրերի, նույնիսկ ժամերի ընթացքում կարող էինք կորցնել Ստեփանակերտը։ Շատերը, իհարկե, կարող են ասել, որ եթե արդեն կորցրել էինք Հադրութը, Շուշին, կարող էինք կորցնել նաեւ Ստեփանակերտը եւ դրանից շատ բան չէր փոխվի։ Իրականությունը, սակայն, մի փոքր այլ է, որովհետեւ եթե կորսվեր Ստեփանակերտը, որը հրապարակային ելույթով հաստատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, դրանից հետո անխուսափելիորեն կորսվելու էր Ասկերանը, Մարտակերտը, ընդ որում չափազանց կանխատեսելիորեն, որովհետեւ այս քաղաքները պատերազմի մեկնարկի պահին թիկունք էին, առաջնագծից բավականին հեռու եւ պաշտպանական կառույցներ ու ամրություններ չունեին, նաեւ չկային մարտունակ այնքան ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին իրականացնել այս քաղաքների պաշտպանությունը։ Ի՞նչ տեղի կունենար այս քաղաքների անկումից հետո, Պաշտպանության բանակի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերերոդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ մեր՝ ավելի քան 20 հազար զինվորներ եւ սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջեւ։ Այս պայմաններում հասկանալիորեն անխուսափելի կլիներ նաեւ Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի։
Շատերը ժամանակի տրամաբանության բերումով հնարավոր է՝ հարց հնչեցնեն՝ ինչո՞ւ էի ես փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինվորների անվտանգությամբ եւ ինչո՞ւ նույնքան մտահոգ չէի դրանից առաջ։ Գործողությունների առումով խնդիրը հետեւյալն է, որ հրամանատարի ամենակարեւոր գործառույթը կայանում է զինվորի առաջ խնդիր դնելը, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ, եւ հրամանատարն այդ խնդիրներն առաջադրում է, հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել հանուն հայրենիքի՝ զինվորի զոհվելուն։
Փաստացի լինելով գերագույն հրամանատարի դերում՝ պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել Զինված ուժերի առջեւ, բայց երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որեւէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա հանուն զինվորի։ Հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պետք է տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի։ Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի տխրահռչակ փաստաթուղթը եւ դա ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չաափազանց մեծ է. ոչ միայն քաղաքական, այլեւս ֆիզիկական իմաստով։ 25 հազար զինվորի կյանքն ավելի կարեւոր էր կարծում եմ նաեւ ձեզ համար։ Սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած զինվորների կյանքը։ Ընդ որում, այդ զինվորները թիկունքում ստեղծվող այդ իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին։ Թիկունքում չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին ազդել իրավիճակի վրա եւ ուրեմն եկել էր հրամանատարի ժամանակը հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ քաղաքական առումով։ Եկել էր հայրենիքի ժամանակը, հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների։
Ընդ որում, այս իրավիճակում եւ պայմաններում հարցն արդեն ոչ թե օրերի եւ շաբաթների տիրույթ էր մտել, որտեղ կարելի էր խորամանկել, այլ որոշում կայացնել. Ժամերի ընթացքում պետք է որոշում կայացվեր, հակառակ դեպքում կարող էր սկսվել մի պրոցես, որը կավարտվեր մեր 10 հազար, 20 հազար, 25 հազար զինվորների զոհվելով կամ գերեվարությամբ։
Շատերը նաեւ այսպիսի հարց են շրջանառում՝ ինչո՞ւ հրաժարական չտվեցի այդ թուղթը չստորագրելու համար. որովհետեւ դա կնշանակեր դասալքություն, դա կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել ուրիշի ուսերին այն հույսով, որ հետո կասեին՝ վարչապետ Փաշինյանն այնքան հայրենասեր էր, որ այդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ այս մյուսը թուլամորթ ու դավաճան գտնվեց եւ մնաց նման ամոթալի քայլի։ Նաեւ այն պատճառով, որ ինչպես ասացի՝ որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում, հակառակ դեպքում թափանիվը կարող էր պտտվել, որն այլեւս որեւէ ձեւով հնարավոր չէր լինի կանգնեցնել։
Հաջորդ հարցը, որը պարբերաբար հնչում է՝ այդ փաստաթղթի ստորագրումից առաջ ինչո՞ւ չխորհրդակցեցի ժողովրդի հետ. շատ պարզ պատճառով, ժողովրդի հետ խոսելու ժամանակ պետք է հրապարակային անկեղծորեն ներկայացնեի օբյեկտիվ իրավիճակը, իսկ դա նշանակում է՝ իրադրության մասին մանրամասն տեղեկություններ հաղորդել նաեւ հակառակորդին, ավելին, մեր 25 հազար զինվորների՝ ժամերի ընթացքում շրջափակելու մանրամասն ծրագիր ներկայացնել նրանց։ Ես խոստացել եմ ժողովրդի հետ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար։ Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ. այս առումով անելիքներն առջեւում են։
Հաջորդ հարցը հետեւյալն է՝ ինչո՞ւ թեկուզ այսպիսի պայմաններում զինադադարի հնարավոր չէր հասնել պատերազմի առաջին օրերին կամ գուցե մի փոքր ավելի ուշ։ Սրա համար երկու պատճառ կար. նախ պետք է առանց մարտի հանձնեինք 7 շրջան, ներառյալ Շուշին, եւ երկրորդը՝ ռազմական իրադրությունն այնպիսին էին, որ մենք հույս ունեինք, որ նոր ռեսուրսների ներգրավմամբ, գերմարդկային ճիգերով կկարողանանք բեկել իրավիճակը։ Այդ էր պատճառը, որ ես, Արցախի նախագահն անընդհատ հանդես էինք գալիս հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչերով, դա փորձում էինք անել այնպես, որ մեր ուղերձը հանկարծ չկոտրի, հուսահատ չանի առաջնագծում կռիվ տվող զինվորին եւ մեր ունեցած պրոբլեմների մասին հավելյալ տեղեկատվություն չտալ հակառակորդին։
Արցախի նախագահը, ԶՈւ ԳՇ պետը, ՊԲ հրամանատարը, ես՝ ինքս, ՀՀ կառավարություն, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները եւ, բնականաբար, առաջին հերթի կռիվ տվող մեր զինվորները, կամավորները, սպաները, գեներալներն ամեն ինչ արել ենք, ամեն սանտիմետրը ատամներով պահելու համար։ Մեր զորքը կռվել է հերոսաբար, կռվել է ոչ թե հանձնելու, այլ պահելու համար, կռվել է ոչ թե պարտվելու, այլ հաղթելու համար, կռվել է գործնականում 3 բանակների դեմ, բայց, ցավոք, ինչպես Արցախի նախագահը երեկ նշեց իր ուղերձում, մենք բավարար չափով բանակի կողքին չկարողացանք կանգնել, կամավորական եւ զորահավաքային շարժումն, իհարկե, բազմաթիվ հերոսական դրսեւորումներով այնքան ամուր չգտնվեց, որ հնարավոր լինի առաջադրած խնդիրը լուծել ու կանգնեցինք մի իրողության առաջ, որից այլ ելք չկար։
Ինչ վերաբերում է փաստաթղթի բուն բովանդակությանը՝ այն, իսկապես, վատն է մեզ համար, բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում։ Մասնավորապես, լուրեր են տարածում՝ Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է։ Ընդամենը խոսք է գնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիներն ապաշրջափակելու մասին, այդ թվում՝ Ադրբեջանից դեպի Նախիջեւան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաեւ Երեւանից Նախիջեւանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին կամ ավելի ճիշտ այն հատվածին, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը, Գորիսից մինչեւ Ստեփանակերտ անխափան գործելու է, ընդ որում նաեւ Շուշիի հատվածում։ Ռուս խաղաղապահները ապահովելու են նույնպիսի անվտանգ ճանապարհ ամբողջ տարածությամբ եւ Ստեփանակերտ-Երեւան կապը պետք է լինի հուսալի։ Խաղաղապահներն ապահովելու են նաեւ Արցախի այն հատվածների սահմանի անվտանգությունը, այնպես որ խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պետք է հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր եւ Հայաստանի ու Արցախի կառավարությունները, իշխանություններն ամեն ինչ կանեն հնարավորինս արագ ավերածությունները վերացնելու խաղաղ եւ բնականոն կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար։
Սկզբունքային կաեւոր նշանակություն ունի Ղարաբաղի հարցի վերջնական լուծման եւ Արցախի կարգավիճակի հարցը. այս մասով մեր անելիքները չեն փոխվում եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն։ Ըստ էության, Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ։
Ուզում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունում մեր հետագա անելիքներին։ Մեր առաջնային խնդիրը երկրում կայունության եւ անվտանգության մթնոլորտի վերականգնումն է, որը ժողովրդի իշխանության ապահովման միակ երաշխիքն է: Այս պահին մենք պետք է սա ապահովենք առաջին հերթին, որ ժողովուրդը լիարժեք տիրապետի իշխանություն ձեւավորելու, իշխանություն ունենալու իր անսակարկելի իրավունքին: Կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանությունների կողմից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին: Տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցներից շատերը ձերբակալված են, շատերը թաքնվում են, բայց անպայման կհայտնաբերվեն եւ պատասխանատվության կենթարկվեն:
Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում չտրվել սադրանքների եւ համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է երկիրը այս իրավիճակից դուրս բերելու իր պատասխանատվությունը անմնացորդ կրելու գործում՝ միեւնույն ժամանակ երաշխավորելով, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որեւէ մեկը չի խլելու՝ երկիրը թալանի, կոռուպցիայի հորձանուտ վերադարձնելու իր նպատակներն իրագործելու համար: Հենց այս թալանի ու կոռուպցիայի դառը պտուղներն ենք քաղում այսօր, երբ տասնյակ տարիներ երկրի ունեցվածքն ու եկամուտները հոսել են ձեզ հայտնի անձանց գրպաններ եւ ոչ թե բանակի զարգացման գործին:
Սիրելի ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն.
Մեր երկիրը ունի ապագա, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր այս դժվար փորձությունը դառնա այդ ապագայի կարեւոր անկյունաքար։ Եւ մենք պետք է դասեր քաղենք ազգովի՝ մեր գործած սխալներից: Շատերը կհարցնեն, թե արդյոք այս դաժան պատերազմից հետո կարելի է խոսել լավ ապագայի մասին: Այո՜, որովհետեւ այսօր աշխարհում կան նույնիսկ այնպիսի պետություններ, որոնք 20-րդ դարի ամենադաժան կապիտուլյացիաներին է ենթարկվել, բայց այսօր դասվում են աշխարհի ամենահզոր երկրների շարքին: Նրանք դա արել են դաժան պարտությունից հետո՝ կրթության, գիտության, արդյունաբերության ու ժողովրդավարության զարգացման վրա շեշտ դնելով, եւ սա պետք է լինի մեր առաջիկա անելիքը: Եւ ես բոլորիս կոչ եմ անում կենտրոնանալ այս անելիքի վրա՝ հանուն մեր երկիրը հզորացնելու: Հենց սա կլինի մեր լավագույն ծառայությունը մեր նահատակների հիշատակին, մեր վիրավոր եւ հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Նրանց հարազատներին, ընտանիքներին, մայրերին, հայրերին, կանանց, զավակներին:
Նրանք՝ զոհվածների հարազատները, իհարկե, մեզ մի հարց պիտի տան, թե ի վերջո ինչի համար զոհվեցին իրենց հարազատները: Այս հարցի պատասխանը մեկն է՝ առաջին հերթին Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար, հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու համար: Մենք պարտավոր ենք, մեր հայրենիքը ապրեցնելով ու զարգացնելով, տեր կանգնել նրանց արյանը, նրանց զավակների ապագային, նրանց անմնացորդ նվիրումին:
Մեր խոնարհումը նրանց առջեւ ամենօրյա ստեղծարար աշխատանքն է, կրթությունը, որը պիտի շենացնի մեր երկիրը:
Եւ ուրեմն՝
Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե Արցախի Հանրապետությունը,
Եւ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:
Խոնարհում մեր նահատակների առաջ»։











