17 կուսակցությունների լիդերներին վերջին պահին հրավիրելով ՀՔԾ, իշխանությունները փորձում են նրանց զրկել ժողովրդի հետ խոսելուց, եւ ասել ամբողջ ճշմարտությունը, որը մենք օրեր շարունակ ասում ենք եւ  շարունակելու ենք ասել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազատության հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ անգամ էլ հանրահավաքից առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրավիրվել էր ԱԱԾ եւ շուրջ 9 ժամ նրան պահել էին այնտեղ՝ առանց որեւէ մեղադրանքի առաջադրման: «ԱԱԾ-ն ի վերջո, կարողացել է վեր կանգնել իշխանության հերթական պատվերը կատարելու առաքելությունից, սակայն այդ անպատվաբեր առաքելությունը ստանձնել է Հայաստանի Քննչական ծառայությունը»,-ասաց նա՝ հավելելով. «Մենք գործ ունենք մեկ կենտրոնից, մեկ մարդուց իջեցվող հրահանգների հետ: Այն, որ արդադատությունը ՀՀ-ում չի հաղթում, դրա միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ով տաբեր տեսակի ապաստարաններից, նկուղներից իջեցնում է հանձնարարականներ թե դատարաններին, թե ուժային տարբեր կառույցներին, որպեսզի նրանք կոնկրետ ռեպրեսիաներ իրականացնեն ընդդիմադիր ուժերի ղեկավարների նկատմամբ»:

ԲՀԿ-ական պատգամավորը կրկին պնդեց, որ թե ինքը, թե իր ընդդիմադիր շատ գործընկերներ ստացել են սպառնալիքներ» Հաշվեհարդարի եւ մեզ սպանելու կոնկրետ կոչեր են հնչում. «Դրանց մեջ կան կոնկրետ օգտատերերի: Զոմբիլենդի ներկայացուցիչների վառ ներկայացուցիչներ: Ճնշող մեծամասնությունը ֆեյքեր են, սակայն կան նաեւ իրական օգտատերերի: Որեւէ սպառնալիքով մեզ հնարավոր չի լինելու լռեցնել: Երբ սեղանին դրված է հայրենիքի ճակատագիրը, մեզնից յուրաքանչյուրի ճակատագիրը երկրորդական է դառնում:

Ես ասել եմ, որ ունենք հստակ տեղեկատվություն, որ իշխանությունները կոնկրետ իրենց կողմից վարձած հագցնում են ազատամարտիկի համազգեստ, այսօր նաեւ փաստերն են հրպարակվել, որ դրանցից մեկը կառավարության «Սպասարկում» ՊՈԱԿ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, ով Գորիսից այն կողմ չի գնացել, բայց մեզ սպանելու, մորթելու կոչով հանդես է եկել ազատամարտիկի հագուստով: Սա անարգանք է ազատամարտիկի նկատմամբ»,-ասաց Իվետա Տոնոյանը: