ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի կողմից ստեղծվող հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնին կաջակցեն միջազգային կառույցները, այդ թվում ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում ներառված կառույցները, ինչպես նաեւ ԱՊՀ գծով գործընկերները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պետք է կարգավորել այդ կառույցների հետ լիարժեք, կառուցողական աշխատանքը: Հուսով եմ, որ կենտրոնի գործունեությանը բազմակողմանի աջակցություն կցուցաբերվի բոլոր այդ կառույցների կողմից»,-ասել է Պուտինը ԼՂ-ում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ընթացքում:

«Նաեւ ԱՊՀ գծով աջակցության հույս ունենք: Սերտորեն կփոխգործակցենք այդ կարեւոր աշխատանքի բոլոր մասնակիցների հետ»,-ընդգծել է նա:

Պուտինն այսօր Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ հայտարարվել է այդ կենտրոնի ստեղծման մասին, որը կզբաղվի այդ թվում փախստականների վերադարձի հարցերով: Նա ՌԴ ԱԳՆ ղեկավարին խնդրել է տեղեկացնել այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս գործընկերներին, ինչպես նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակին: