Ոչ մեկ չի ժխտում, որ կառավարող ուժն է կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը, դրանից հնարավոր չէ խուսափել, ես ընդունում եմ դա ու հետեւություններ էլ կլինեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, քառօրյա նստաշրջանի ժամանակ հայտարարեց ԱԺ խոխխոսնակ Լենա Նազարյանը։
«Բայց ուզում եմ շեշտել նաեւ, որ հենց այդ պատասխանատվությունն է նաեւ վարչապետին մղել ստորագրել այդ եռակողմ հայտարարությունը, որովհետեւ 25-ից 30 000 զինվորականների կյանք է փրկվել, նրանք ու նրանց հարազատները գիտեն սրա մասին, այդ հայտարարությամբ է փրկվել նաեւ Ստեփանակերտը։ Չեմ ընդունում, որ տեղի ունեցածը դիտարկվում է իբրեւ երկուսուկես տարվա կառավարման հետեւանք եւ պարզունակացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Սա ոչ միայն երկուսուսկես տարվա, նույնիսկ 25 տարվա քաղաքականության հետեւանք չի կարող լինել միայն, այլեւ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետեւանք է, որը պետք է հաշվի առնենք»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Լենա Նազարյանը։
ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց նոյեմբերի 9-ի երեկոն, երբ հայտնի հայտարարության հրապարակվելուց հետո որոշ քաղաքացիներ մտել էին Կառավարության շենք ու ջարդուփշուր արել ամեն ինչը։ Ըստ Նազարյանի՝ անվտանգության աշխատակիցների հավաստմամբ՝ նրանց շարքերում է եղել նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը։
«Կառավարությունում ջարդուփշուր անելու պարագայում պահանջել հրաժարական՝ հնարավոր չէ»,- ընդգծեց Լենա Նազարյանը։
ԱԺ փոխխոսնակի ելույթի ընթացքում եւ ավարտից հետո էլ ԲՀԿ-ականները տեղից արձագանքում էին Լենա Նազարյանին։











