Նախ Հայկ Սարգսյանն իմ ընկերը չէ, երկրորդ, Հայկ Սարգսյանը պետք է ինձ ճանաչի, որ մտածի, եթե չի ճանաչում, թող պատճռաբանի, թե ինչ քայլի հիման վրա է այդպես մտածել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած Վարդան Աթաբեկյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությանը, թե ինքը մտածել է, թե Վարդան Աթաբեկյանը ընդդիմադիրների սպառնալիքների կամ ճնշումների տակ է որոշել դուրս գալ «Իմ քայլից», դրա համար էլ գնացել են իր տուն՝ հանդիպելու:
«Ինձ ով ճանաչել է, չի կարող այդպիսի բան մտածել: Ինձ չեն կարող ճնշել ու ես դրա արդյունքում իմ սկզբունքները խախտեմ: Անհնար է տենց բան: Եթե ունեն փաստեր, թող բերեն, քննարկենք»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ գիշերվա ժամի մեքենաներով այցելել են իր տուն, Վարդան Աթաբեկյանն ասաց. «Ստեղծված իրավիճակում մտածել են գան օգնության, բայց ես դա էլ եմ բացառում, համարում եմ, որ սխալ քայլ են կատարել: Ոնց հասկանում եմ՝ սխալը շտկվում է, նորմալ է: Իրենց գալու ոճի մեջ է եղել խնդիրը: Ոճի հետեւանքով առաջացել է այդպիսի բան: Ես եմ անձամբ հրապարակել ու զանգել ոստիկանություն»:
Հարցին, թե կիսո՞ւմ է Հայկ Սարգսյանի իտեսակետը, որ «Իմ քայլից» դուրս գալով ինքն ազգադավ ուժերի օրակարգն է սպասարկել, Աթաբեկյանն ասաց. «Ես դուրս գալով որեւէ խմբի շահ չեմ սպասարկել: Եթե նման բան է ասել, թող մի հատ իր արտահայտությունը վերանայի, մտածի ինքը ինչ կատեգորիայի է, ես ինչ կատեգորիայի եմ: Չի կարող լինել, որ ես որեւէ այլ ուժի շահ սպասարկեմ: Դա բոլորը գիտեն: Ես անգամ մտածել եմ, որ խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ՝ նշելով, որ հասկանում են իմ քայլի տրամաբանությունը եւ ըմբռնումով են մոտենում: Երեւի իմ քայլը մի քիչ ուշացել է, դրա համար է այսպես եղել, կամ ներսում մարդիկ կան, որոնք փորձում են ժողովրդի լեզվով ասած ցեց գցեն խառնեն: Չգիտեմ՝ ինչ են ուզում դրանով»:











