Նիկոլ Փաշինյանը հավանաբար մտածում է, որ նման քայլերով կկարողանա մեզ հետ պահել այս գործընթացից, բայց լրջորեն սխալվում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Սա Նիկոլ Փաշինյանի բեմադրած թատրոնն է։ Նիկոլ Փաշինյանը հավանաբար մտածում է, որ նման քայլերով կկարողանա մեզ հետ պահել այս գործընթացից, բայց լրջորեն սխալվում է, որովհետեւ սա հայրենիքի փրկության պայքար է, սա երկիրը խելագարից ազատելու պայքար է։ Որեւէ կերպ հետ չենք կանգնելու, ուզում են թող ձերբակալեն, բանտարկեն, դատեն որեւէ բան մեր պայքարի մեջ չի փոխվելու»,- ասաց Սաղաթելյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակած ճանապարհային քարտեզին՝ Սաղաթելյանն ասաց. «Ուզում եմ հասկանալ՝ ինչ չի արել Նիկոլ Փաշինյանը, որ ուզում է անել։ Ինքն ուներ 2,5 տարի ժամանակ երկրում բարեփոխումներ իրականացնելու, ավելի բարեկեցիկ ու պաշտպանված երկիր ստեղծելու համար։ Ինքը 2,5 տարվա ընթացքում որեւէ հաջողություն չի արձանագրել։ Արձանագրել է մեծ պարտություն՝ ստորագրել է ստորացուցիչ պայմանագիր, իր գործունեության արդյունքում կորցրել ենք մեր հայրենիքը։ Ինչ պիտի հանձներ, որ դեռ չի հանձնել»։