Ես նախարարին խնդրել եմ, որ զորացրման հրամանն արձակի այնպես, ինչպես գրված է իմ զեկուցագրի մեջ, իսկ իմ զեկուցագրի մեջ գրված է ճշմարտությունը, իմ զորացրման պատճառը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:
«Որոշումս վաղուց եմ կայացրել, դեռեւս հոկտեմբերի 5-ին: Դրա հիմքերը եղել են: Այդ ժամանակ զեկուցագիր չեմ գրել, որովհետեւ հաշվի եմ առել, որ պատերազմի ընթացքում իմ որոշումը վնաս կհասցնի Զինված ուժերին եւ որոշել եմ սպասել մինչեւ պատերազմի ավարտը:
Որոշումս կայացրել եմ վարչապետի գիշերվա լայվից հետո, երբ կոչ արեց կռվող տղաներին վերադառնալ հրապարակ եւ իր խոսքով «վնգստացողներին» դուրս մղել հրապարակից: Այդ պահին արդեն իմ որոշումը կյանքի եմ կոչել եւ զեկուցագիր եմ գրել զորացրվելու»,-ասաց նա:











