Ես գտնում եմ, որ վարչապետ Փաշինյանը պետք է շարունակի կառավարումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրգրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը:

«Շփվելով մարդկանց հետ, ես տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են իրեն ընդունում: Ես կարող եմ բերել մեկ օրինակ, երբ դեկտեմբերի 7-ին վարչապետը եկավ Լոռու մարզ, այնտեղ դուք էլ տեսած կլինեք, թե ժողովուրդն ինչպես է իրեն ընդունում: Ոչ դա մասսովկա չի եղել, ես անձամբ այնտեղ եմ եղել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու վարչապետը ազատ չի շրջում Երեւանում, այլ մի քանի շերտանոց թիկնազորով, Արամ Խաչատրյանը պատասխանեց. «Երեւանում էլ է վարչապետն ազատ շրջում: Վարչապետը ոչ մեկից ոչ վախենալու բան ունի, ոչ թաքցնելու: Ինքը հանդիպում է ժողովրդի հետ՝ լինի Երեւանում, թե մարզերում»:

Նա անընդունելի համարեց, որ ընդդիմությունը հանրահավաքից հետո երթով շարժվել է դեպի վարչապետի առանձնատուն. «Իրենք կարող էին կառավարության դիմաց հանրահավաք անեին, ԱԺ-ի մոտ անեին, ինչու էին գնում նրա կեցավայր: Սա կարծում եմ՝ անընդունելի է»:

Արամ Խաչատրյանն անդրադարձավ նաեւ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, ըստ որի եթե Նիկոլ Փաշինյանը կամավոր չհեռանա, ժողովուրդն իրեն կհոշոտի. «Ինքը դա մեկ անգամ նույն բանն արել է եւ իր մոտ չի ստացվել: Ես կոչ կանեի մեր ընդդիմադիրներին, մեր որոշ համայնքապետերին վերանայել իրենց որոշումը, փոխել իրենց հռետորաբանությունը, մի փոքր զսպել, որովհետեւ մենք ավելի կարեւոր խնդիրներ ունենք, որոնք օր առաջ պետք է լուծվեն: Սա բարեկամաբար, ընկերաբար եմ ասում»:

Ինչ վերաբերում է նրան, որ բազմաթիվ համայնքապետեր միացել են վարչապետի հրաժարականի պահանջին, «Իմ քայլի» պտգամավորը նկատեց, որ այդ նույն համայնքների բնակչությունը իրենց բողոքի ձայնն է բարձրացրել, քանի որ այդ որոշման հետ համաձայն չեն. «Վարչապետի հրաժարականի հանրային պահանջ այսօր գոյություն չունի, ես դա վստահեցնում եմ: Այս ճնապարհով ընդդիմադիրները ոչնչի հասնել չեն կարող:

Հայաստանի սահմանները փոխվել են եւ հանրահավաք անելու փոխարեն իմ եղբայրը, իմ բարեկամները հենց հիմա սահմանին կանգնած է: Ես կոչ եմ անում մեր ընդդիմադիր գործընկերներին, որ իրենց աջակիցներին կոչ անեն կամավորագրվել ւ գնան սահմանը պահեն մինչեւ կարողանանք զինված ուժերում առկա խնդիրները օր առաջ լուծել: Իրենք ավելի հարգանքի կարժանանան այդ քայլերով»: