Երկիրն այս դժվարին իրավիճակին հասցրած սրիկան պետք է հեռանա, ուրիշ տարբերակ չկա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, դեպի Ազգային ժողով քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Մեր բողոքի ակցիաներն իրականացնելու ենք այնքան ժամանակ, մինչեւ այս կառավարության շենքում նստած, աթոռիղ կռչած քաղաքական դիակը հասկանա, որ ինքը պետք է հեռանա: Դուք տեսնում եք, որ կա ժողովրդի կողմից մեծ աջակցություն, ժողովուրդը հասկանում է, որ նրա մեկ օր ավել մնալը բերելու է մեր երկրի կործանմանը»,-ասաց նա:
Վանեցյանը հավելեց, որ իրենք ոչ մի բանի առջեւ չեն կանգնելու, նելու են ամեն ինչ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար. «Հանրային ճնշումն ամեն օր շատանալու է եւ մենք հասնելու ենք մեր նպատակներին:
Տեսեք, ՀՀ նախագահը, Ամենայն հայոց վեհափառը, Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, մասնագիտական տարբեր հանրույթներ, Մայր բուհը, բազմաթիվ քաղաքներ, համայնքներ ՀՀ տարածքում, հազարավոր մարդիկ, բոլորը պահանջում են Նիկոլ Փ Փաշինյանի հրաժարականը: Նա պարզապես ժամանակ է ձգումեւ փորձում է իր իշխանությունը պահել: Ես չգիտեմ պատճառը որն է: Կան մի քանի պատճառներ. Առաջինը, նա ունի դեռ չկատարած ինչ-որ խոստումներ, որոնք պետք է դեռ կատարի: Երկրորդ պատճառը, նա պարզապես ուզում է օգտվել իշխանության բարիքներից: Երրոդ պատճառը, նա ուղղակի վախենում է:Ես ասել եմ, որ վախենալ պետք չի, մենք պատրաստ ենք նրան տալ ֆիզիկական անվտանգության երաշխիքներ»:
Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ ընդդիմությունը չունի բավարար հանրային աջակցություն, իսկ կաթողիկոսը ժողովուրդը չէ, Վանեցյանն ասաց. «Նման բան ասողները անաստված մարդիկ են: Ոնց կարող է մարդը բարձրաձայնի, որ կաթողիկոսը ժողովուրդ չէ: Բա եթե կաթողիկոսը չի ներկայացնում ժողովրդին, բա ո՞վ է ներկայացնում: Մենք պարտավոր ենք խոնարհումով վերաբերվել մեր Վեհափառին եւ առհասարակ մեր հոգեւորականներին»:











