Մենք գտնում ենք, որ Ազգային ժողովն այսօր հարց ու պատասխանի ժամանակ չունի, խորհրդարանը պետք է մեկ օրակագի շուրջ նիստ անի եւ քննարկի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը։ Այս մասին այսօր երթով դեպի խորհրդարան շարժվելիս լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այդ պահանջով էլ գնում ենք մեր բողոքն արտահայտելու։ Մեր բողոքի ակցիաները լինելու են խաղաղ, սա անհնազանդություն է, մեր պահանջը պետք է տեղ հասցնենք, իրականություն դարձնենք, որովհետեւ « Նիկոլ, հեռացիր» կոչը միայն կոչ չէ, այլ հայ ժողովրդի պահանջն է։ Նիկոլ Փաշինյանի հեռացումով մենք հնարավորություն կունենանք փրկել մեր հայրենիքը»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը բացառում է, որ տեղի ունեցածից հետո ժողովուրդը վստահություն կհայտնի գործող իշխանություններին, այնուամենայնիվ, ընդգծում է, որ իշխանություն ձեւավորելու իրավունքը ժողովրդինն է։
«Մենք այս իշխանություններին ո՞նց կարող ենք վստահել, իրենք հողատու, դավաճան, երկիրը անդունդի եզրին հասցրած իշխանություն են»,- ընդգծեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Լրագրողի հարցին, թե խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ քննարկումները շարունակվո՞ւմ են, հաշվի առնելով, որ ԼՀԿ-ն չմիացավ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածուի շուրջ, այլ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում կառաջադրի կուսակցության ղեակավարին, Սաղաթելյանն ասաց․
«Երեկ երեկոյան հանդիպել ենք ԼՀԿ-ի հետ, դեռ չենք մեկնաբանում հանդիպման արդյունքները, քննարկումները շարունակվում են, կարծում եմ արդյունք կունենանք»։











