Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազգային ժողովի դիմաց հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը դիմեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։
«Բոլոր այն պատգամավորները, որոնք սեփական եւ ազգային արժանապատվությունը բարձր են գնահատում, այս պահին պաշտոնանկ արեք Նիկոլ Փաշինյանին։ Դուրս եղեք ժողովրդի մեջ եւ որպես պատգամավորներ, որոնք Սահմանադրության համաձայն, ներկայացնում են ժողովրդին, ներկայացրեք ձեր տեսակետները՝ դուք դավաճանի՞, թե՞ արժանապատիվ ժողովրդի կողմն եք»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
Ապա Արծվիկ Մինասյանը դիմելով ոստիկանությանը, պահանջեց հանդիպում թույլ տալ պատգամավորների հետ։
«Նրանք պետք է ժողովրդի կամքը իրականացնեն, հակառակ դեպքում նրանք նույնպես հայտնվելու են պատմության աղբարկղում, եւ դուք որպես արժանապատիվ պետության ոստիկանություն, աջակցեք մեզ այդ հարցով, չթողեք որեւէ պատգամավոր առանց ժողովրդի հետ հանդիպման փորձի ճողոպրել, չթողնեք ինքնահռչակ վարչապետին դուրս գալ այս շենքից, քանի դեռ չի հանդիպել ժողովրդին եւ չի ներկայացրել իր պատկերացումները»,- հայտարարեց նա։











