Զվարթնոց օդանավակայանում Մոսկվա մեկնող քաղաքացու եւ փաթեթավորում իրականացնող աշխատակցի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել. ճամպրուկն օդանավակայան պետք է բերվեր առանց փաթեթավորման։
NEWS.am-ի խմբագրություն է դիմել քաղաքացին՝ Դավիթ Հակոբյանը, որը պատմեց՝ տեղյակ չի եղել, որ ճամպրուկն օդանավակայան պետք է բերել առանց փաթեթավորման, որպեսզի այն ախտահանեն։
«Առավոտյան գնում ենք Զվարթնոց, որ մեկնենք Մոսկվա, ճանապարհին ճամպրուկը պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորել ենք տալիս, օդանավակայանի մուտքի մոտ մեզ կանգնեցնում է մի չոբան՝ առանց դիմակի, ասում՝ մենք պիտի ախտահանեք ճամպրուկը։ Ես ասում եմ՝ արեք, ասում է՝ հանեք ձեր պլյոնկան, ես ասում եմ՝ եթե ախտահանում եք, ի՞նչ կապ ունի պլյոնկան։ Ես ասում եմ՝ ո՞ւր է այդպիսի օրենք, որ դրսից բերած ճամպրուկի վրայից պոլիէթիլենային թաղանթը անպայման պետք է հանվի, ասում է՝ չէ, չկա։ Ես ասում եմ՝ ինչո՞ւ եք դուք ինձ այդ մասին ասում, ավելի լավ չէր լինի, որ ցուցանակ գոնե լիներ, իմանայինք։ Ասում եմ՝ դու առանց դիմակի հազարավոր քաղաքացիների ես սպասարկում, դա համաճարակային կանոնների խախտում չէ՞, ասում է՝ ինձ կարելի է, ես սենց տղա եմ, ասում է՝ նենց կանեմ, որ դու չմեկնես։ Մոտենում եմ անվտանգության աշխատակիցները։ Իրեն հարցնում եմ՝ տղա ջան դու ինչ աշխատող ես, պարզվում է՝ փաթեթավորում անողն է։ Հավաքվել են բոլոր փաթեթավորում անողներն ու ասում են՝ ախպեր ջան մենք նենց կանենք, որ դու չթռնես, նենց կանենք՝ տոմսդ կկորցնես»,- պատմեց քաղաքացին։
Նա ասաց, որ ստիպված է եղել քանդել ճամպրուկը. «Ես ստիպված քանդեցի, որովհետեւ ուշանում էի չվերթից։ Չփաթեթավորեցի այլեւս, որովհետեւ ուշ էր»։
NEWS.am-ը զրուցեց նաեւ Զվարթնոց օդանավակայանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանի հետ, որը նշեց՝ 2020 թվականից օդավանավակայանում կա փոփոխություն՝ համաճարակային կանոնների հետ կապված. «Տեղի է ունենում ուղեբեռների պարտադիր ախտահանում։ Մեզ մոտ ուղեբեռը պետք է ախտահանվի առանց փաթեթավորման եւ անվճար հիմունքներով։ Եթե քաղաքացին ուզում է փաթեթավորել ուղեբեռը, կամ չի ցանկանում փաթեթավորել՝ իր որոշումն է։ Մենք այդ մասին հայտարարություն տարածել ենք դեռեւս 2020 թվականի օգոստոս ամսին։ Օդանավայականի մուտքի մոտ դրված են ախտահանման սարքերը, այդտեղ զգուշացնում են պարտադիր ախտահանման մասին»։
Անդրադառնալով այդ վիճաբանությանը՝ խոսնակը նշեց, որ աշխատակիցները կապ չեն ունեցել ախտահանման հետ. «Ախտահանում իրականացնող աշխատակիցը մի քանի րոպեով բացակայել է այդտեղից, նրան փոխարինել են փաթեթավորում իրականացնողները, որոնք օդանավակայանի աշխատակիցները չեն»։











