Այսօր հանրակրթական, բուհական համակարգում այն ինչ կատարվում է, դա օրգանական շարունակությունն է նախկինում կատարվածի, ինչի դեմ պայքարում էր ներկայիս վարչապետը, պարզապես փոխվել են անձերը, դերակատարները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10–ին, ԱԺ նիստերի դահլիճում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
ԲՀԿ–ական պատգամավոր մեջբերեց տարիներ առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մի քանիսը, որոնք վերաբերվում կրթական ոլորտի հանրապետականացմանը։
Նաիրա Զոհրաբյանը համեմատություն անցկացրեց այն ժամանակվա եւ իր խոսքով՝ նիկոլական ժամանակների միջեւ։
«Մեր օրերում, օրինակ, Աբովյանի թիվ մեկ ավագ դպրոցին պարտադրում են տնօրեն, որը հետո ոստիկանական պահակախմբի հետ գնում է աշխատանքի։ Մեր օրերում Սլավոնական համալսարանի ռեկտորը գրում է, որ իրեն ԱԱԾ–ի միջոցով Նիկոլ Փաշինյանի պահանջն է փոխանցվել, որ ռեկտորի պաշտոնից հրաժարվի»։
Նաիրա Զոհրաբյանն ապա անդրադարձավ «Կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծին, որն ըստ նրա՝ խախտում է ակադեմիական ազատության հիմնաքարերը։
«Բուհերի կառավարման խորհուրդը կազմված է լինելու ինը անդամից, որոնցից հինգին նշանակելու է Կառավարությունը։ Պարոն նախարար, հիմա Դուք ուզում եք, որ մենք հավատանք, որ Ձեր կողմից նշանակված կառավարման խորհրդի անդամները լինելո՞ւ են անաչառ եւ չե՞ն կատարելու քաղաքական պատվեր։ Ես վստահ եմ, որ Դուք կատարելու եք քաղաքական ընտրություն, որովհետեւ այսօր հանրակրթական, բուհական համակարգում այն ինչ կատարվում է, օրգանական շարունակությունն է նախկինում կատարվածի, ինչի դեմ պայքարում էր ներկայիս վարչապետը, պարզապես փոխվել են դերակատարները, անձերը»,– ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։











