Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում տարածվող «Լիսագոր գյուղի հատվածում հերթապահող զինվորներն անմարդկային պայմաններում են մնում. ահազանգում է զինծառայողի մայրը» վերտառությամբ հոդվածի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ նշված հատվածում, իրոք, ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ, որից հետո անձնակազմը անմիջապես պատսպարվել է ժամանակավոր կացարաններում: Ներկա պահին համապատասխան քայլեր են ձեռնարկվում զինծառայողների կենցաղային պայմանները լիարժեք կերպով ապահովելու ուղղությամբ:
Ավելի վաղ NEws.am-ը հայտնել էր, որ ժամկետային զինծառայողի մայր Ջ․ Կիրակոսյանը, ում որդին նույնպես այդ տարածքում հերթապահություն է իրականացնում, NEWS.am-ին ասել էր. «Արցախի Լիսագոր գյուղի տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողների վրանները մի քանի օր առաջ քամին քշել է, նրանք սառնամանիքին մնացել են դրսում: Մեր հերոս տղաներին նայեք՝ ինչպես են պահում, ինչպես կարելի է մեր տղաների նկատմամբ այսպես վարվել։ Անմարդկային պայմաններ են։ Ուժեղ քամի եղել, երեխաների վրանները պոկվել են։ Մեքենաները կանգնեցրել են վրանների մոտ, բայց օգուտ չեն տվել, քամին տարել է, տղաները մնացել են դրսում»:





























