Երկխոսությունների համար բոլոր ժամկետները սպառվել են։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Կա խոսելու միայն մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացում։

Խորհրդարանական մեծամասնությունը կարծում է գործնագործ կամ յոթ քար խաղալ է խորհրդարանական գործունեությունը, և կարելի է փախուստ տալ, պարտականություններ չկատարել, պարգևավճարներ ստանալ, և այդպես համարել, որ ամեն ինչ նորմալ է։ Ժողովրդի համբերությունն ի սպառ վերանալու է»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ թեպետ Օնիկ Գասպարյանը և բանակի հրամանատարական կազմը երեկ հանդես են եկել հայտարարությամբ, սակայն նրանք քաղաքականությանը չեն խառնվում։

«Նրանք արտահայտել են Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի դիրքորոշումը, որը պայմանավորված է երկրի անվտանգությամբ և ամբողջականությամբ, հանրային համերաշխությամբ։ Օնիկ Գասպարյանը և մյուս զինվորականները, երբ հանդես են գալիս հայտարարությամբ նաև նկատի են ունենում, որ պատասխանատու են ամբողջ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, հենց այսօր տեղի ունեցող զորակոչի համար, որովհետև այս իշխանության ատելության մթնոլորտն ազդում է ամեն ինչի վրա՝ սկսած փոքր կրպակի գործունեությունից մինչև Հայաստանի Հանրապետությունում զորակոչ կազմակերպելը»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանը նշեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» գործողությունները շարունակվում են առանց նահանջի․ «Հանրահավաքի ժամանակ կհայտարարվի առաջիկա օրերի գործողությունների մասին»։