«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անհարգալից է համարում իշխանությունների պահվածքը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ խորհրդի նիստին քվորում չապահովելուն, նա ասաց.
«Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել են այս նիստը, որ քաղաքական պրոցեսները փողոցից բերվեն քաղաքական ինստիտուտ։ Իշխանության բոլոր հայտարարությունները երեսպաշտություն են, որ եկեք քննարկենք, կոնսուլտացիաներ անենք, բայց մարդիկ նույնիսկ չեն գալիս ԱԺ խորհրդի նիստը բացեն, սա անհարգալից վերաբերմունք է։ Իմ գնահատականն այն է, որ Ազգային ժողովը նախագահ չունի ո՛չ որպես բնականոն գործառույթներն ապահովող, ո՛չ էլ որպես երկրի թիվ երկրորդ կամ երրորդ պաշտոնատար անձ»։
Էդմոն Մարուքյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ խորհրդի նիստին չներկայանալը դիտավորյալ է համարում։
Մարուքյանն ասաց, որ եթե իշխանությունները արտահերթ ընտրությունների վերաբերյալ քաղաքական կոնսուլտացիաներ նախաձեռնեն, իրենք կքննարկեն դրանց մասնակցելու հարցը։
«Ժամանակին մենք առաջարկում էինք, որ անցումային Կառավարություն լինի, ունեինք նաեւ վարչապետի մեր թեկնածուն, բայց եթե այս վիճակով դա չի արվում, եւ ցրվում է խորհրդարանը, եւ արտահերթ ընտրությունների կազմակերպիչը Փաշինյանն է, ուրեմն Նիկոլ Փաշինյանը պիտի կազմակերպի, այստեղ ես բան չեմ տեսնում, մեզ համար խնդիր չկա, երկրին այն վիճակում է, որ ես չեմ նայելու, թե ընտրությունները ով է կազմակերպում, պետք է այս վիճակից դուրս գալ»,– նշեց նա։
Մարուքյանը տեղեկացրեց, որ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված ինքն այսօր հանդիպում է ունենալու Հանրապետության նախագահի հետ։
Մարուքյանն անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե երկրում ռազմական հեղաշրջում են ուզում անել, ասաց, որ ռազմական հեղաշրջման ժամանակ ԶՈՒ–երը քաղաքացիական իշխանությունը վերցնում են իրենց ձեռքն ու ղեկավարներին էլ կալանավորում, եւ զորքը հանում են փողոց, բայց Հայաստանում անգամ նման փորձ չի արվել, ուստի Փաշինյանի ասածը մանիպուլյացիա է։
Նա հայտարարեց, որ ինքը դեմ է զինված հեղաշրջմանը։
«Բայց ռազմական հեղաշրջման փորձ չի եղել, եթե, օրինակ զորքն ու տանկերը հանեին փողոց, ես դրա հակառակ կողմում կլինեի։ Վարչապետը Գլխավոր շտաբի հայտարարությունն ի շահ իրեն է օգտագործում, իսկ ինչու է ծնվել այդ հայտարարությունը, որովհետեւ վարչապետը հետեւողականորեն գլխատում է առանց այդ էլ հարվածի տակ ընկած Զինված ուժերին, ԶՈւ–երում ես չեմ ճանաչում կոռումպացված գեներելի, թալանչի գեներալի, չկան։ 3 տարում ոչ մի կոռումպացված գեներալ չի դատվել, այսինքն վարչապետը դուրս է եկել իր կողմից Ազգային հերոսի, գեներալ–գնդապետի կոչում տված մարդկանց դեմ, եթե նրանք վատն էին, ինչո՞ւ ես տվել նրանց այդ կոչումները»,– հետաքրքրվեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։











