Այսօր ԱԺ քաղաքական մեծամասնության պատգամավորները եւս մեկ անգամ փաստեցին, որ թքած ունեն այս ամենի վրա, մեր երկրում ստեղծված վիճակի վրա, թքած ունեն մեր երկրում մտոհոգող մթնոլորտի վրա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնլով նրան, որ «Իմ քայլի» պատգամավորները տապալել են ԱԺ խորհրդի նիստը, որը պետք է քննարկեր արտահերթ նիստ հրավիրելու հարցը, որի օրակարգում ռազմական դրությունը հնելն ու առկա իրավիճակը քննարկելն է:

«Քաղաքական մեծամասնությունը երկրում հայտարարել է ռազմական դրություն, արդեն երեք ամիս այն գոյություն ունի: Ժողովրդավարությունից եւ ժողովրդի անունից՝ խոսող վարչապետը թաքնվել է ոստիկանության, ռազմական ոստիկանության թիկունքում՝ ահաբեկում է ժողովրդին: Երեկ որ քաղաքացուն ասաց՝ գալու ենք քո հետեւից, հիմա շատ հստակ եւ ուղիղ ուզում եմ ասել՝ Նիկոլ, այնպես մի արա, որ այս ժողովուրդը գա քո հետեւից: Եթե  գա քո հետեւից, քեզ որեւէ բունկեր չի փրկելու: Չփորձես ՀՀ որեւէ քաղաքացու սպառնալ: Եթե նկատեցիք, այդ սպառնալիքից հետո իր ընտանիքի անդամները եւ կառավարության որոշ անդամներ ծիծաղում էին: Նորից եմ զգուշցնել՝ չփորձեք սպառնալ եւ գնալ քաղաքացիների հետեւից: Եթե քաղաքացիներն ու ժողովուրդը գա քո հետեւից, քեզ որեւէ մեկը չի փրկելու»,-հայտարարեց Սաղաթելյանը:

Նա հավելեց, որ Նիկոլ փաշինյանը շարունակում է ճնշումները բանակի սպաների, մասնավորապես, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ, որ հասնեն հրաժարականի. «Բայց զինված ուժերի տրամադրությունը շատ հստակ է, իրենք ժողովրդի կողքն են, ժողովուրդն էլ՝ բանակի»:

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ հիմա Օնիկ Գասպարյանի ազատման միջնորդությունը գտնվում է նախագահի մոտ, վերջինս ասել է, որ չի ստորագրելու, բայց դա բավարար չէ: Եթե չստորագրի, ապա երեք օր անց Օնիկ Գասպարյանն ավտոմատ կհամարվի աշխատանքից ազատվեծ: Նախագահը պետք է այն հետ ուղարկի կառավարություն, իսկ եթե երկրորդ անգամ միջնորդություն ներկայացվի, նախագահը պետք է դիմի ՍԴ՝ միջնորդության սահմանադրականությունը պարզելու համար: