Միաեղջյուրի զգեստներով երեխաներին, ովքեր Յուժնո-Սախալինսկում կոտրել են ոսկերչական խանութի ցուցափեղկը, վարձել են հենց սեփականատերերը՝ դա բեմադրություն է եղել, հայտնում է Սախալինի շրջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Թանկարժեք զարդերի բուտիկ ներխուժած «միաեղջյուր երեխաների» մասին Instagram-ում հայտնել է խանութի տիրուհին: Վերջինիս խոսքով՝ նրանք ներխուժել են խանութ, մուրճով հարվածել ցուցափեղկին ու թաքնվել: Կինը ենթադրել է, որ նրանք, դա գրազով են արել կամ կատակի համար, քանի որ խանութից ոչինչ չի կորել:

Այնուամենայնիվ, նա դեպքի մասին հաղորդել է ոստիկանությանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

«Օպերատիվ-որոնողական միջոցառումների համալիր գործողությունից հետո ոստիկանության աշխատակիցները մի քանի ժամվա ընթացքում պարզել են, որ միջադեպը բեմադրել է հենց խանութի սեփականատերը եւ աշխատակիցը` սոցիալական ցանցերում ուշադրություն գրավելու համար»,- հայտնում է ՆԳՆ-ն։

Ինչպես պարզվել է, խուլիգանների դեր կատարող երեխաներին վարձել են գովազդային գործակալությունում: Ոստիկանները ստուգում են անցկացնում: Նրանք մտադիր են պատասխանատվության ենթարկել բեմականացման կազմակերպիչներին եւ իրավական գնահատական տալ գործակալության գործողություններին, որոնք անչափահաս դերասաններ են տրամադրել կասկածելի գործողությունների համար: