ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստ է ցանկացած փոխզիջման: Այս մասին մարտի 1-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, առաջարկեց գործող իշխանությանը լուծարել խորհրդարանը եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ: Պատգամավորը նաեւ համոզմունք հայտնեց, որ իր առաջարկը բավականին մեծ աջակցություն է ստացել հասարակության շրջանում: «Այսինքն, նրանք կողմ են, որ բանակը պետք է հանգիստ թողնել եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ»,- համոզված է Մարուքյանը:
Նրա խոսքով` իշխանությունները զիջումների գնալու համար համապատասխան գործիքակազմ ունեն, որն ընդդիմությունը պարզապես չունի: «Ժողովրդին ներկայացնել, որ խոսքը մի անձի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մասին է, սուտ է, քանի որ բանակի ողջ ղեկավարությունը, հազվադեպ բացառություններով, ստորագրել է այդ փաստաթուղթը: 40 հոգու պարզապես չեն կարող վերցնել եւ ազատել ծառայությունից»,- շեշտեց խորհրդարանականը եւ կրկնեց իր առաջարկը:
Մասնավորապես, նա առաջարկեց Գլխավոր շտաբը հանգիստ թողնել, որպեսզի զինվորականները զբաղվեն բանակի վերականգնմամբ, իսկ քաղաքական գործիչներն այդ ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացնեն:











