«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր՝ մարտի 3–ին, ԱԺ լիագումար նիստերի դահլիճից ԲԴԽ նախագահից հետաքրքրվեց, թե իր՝ դատավորներին ուղղված կոչը նպաստել է դատական իշխանության հեղինակության բարձրացման վրա, թե հակառակը։

«Գովելի է, որ երեկվանից հետո Դուք կատարել եք Ձեր տնային աշխատանքը, վերընթերցել եք Դատական օրենսգիրքը, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, բայց տեսեք, այն որ այստեղ հնչում են այդ հարցերը, եւ դրանք միայն մերը չեն, դա նշանակում է, որ խնդիր կիա, Դուք որպես ԲԴԽ նախագահ պիտի Ձեր գործունեության ընթացքում հասկացած լինեք, որ խնդիրները անտեսելով, այն չի լուծվում։ Ձեր պահվածքն այսօր խնդիրն անտեսելու, դրանից պաշտպանվելու ճանապարհ է, որը Ձեր իրավունք է, բայց անգամ, եթե Դուք անտեսեք այդ խնդիրը, այն չի դադարելու գոյություն ունենալ։ Ի՞նչ եք կարծում Ձեր այդ հայտարարությամբ որպես ԲԴԽ նախագահ, նպաստել եք,  որ դատական իշխանության հեղինակությունը ավելի բարձրանա,  թե՞ հակառակը»,– դիմելով ԲԴԽ նախագահին ասաց Կոնջորյանը։

Նշենք, որ խոսքը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նոյեմբերի 15–ին արված կոչի մասին է, որն ուղղված էր դատավորներին։

«Այսօր է, թերեւս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»,– ասել էր Վարդազարյանը։

Հիշեցնենք նաեւ, որ «վնգստացող դատավորներ» որակումը 2019թ.–ի մայիսին տվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Ի պատասխան իմքայլականի հարցի, ԲԴԽ նախագահն ասաց.

«Վստահ եմ, որ իմ այդ կոչից հետո դատական իշխանության հեղինակությունը բարձրացել է։ Վերջին երկու տարվա ընթացքում ինչ ես զբաղեցնում եմ ԲԴԽ նախագահի պաշտոնը, կարող եմ պնդել՝ ձեր իշխանության օրոք դատական իշխանությունը իրապես անկախացել է եւ փոխարենը այդ անկախության դրական արդյունքները այսօր գովելի համարեք, Դուք վերցնում եք մեկ–երկու միջդատական գործ, որի վերաբերյալ կարծիք եք կազմում ամբողջ դատական համակարգի վերաբերյալ»։

Արձագանքելով Վարդազարյանին, «Իմ քայլի» պատգամավորն ասաց.

«Տեսեք, որ ուզում եք լավ էլ ստացվում է, նույնիսկ դուք եք ասում, որ դրական արդյունք է նկատվել....»։

Այս արտահայտությունը ԲԴԽ նախագահին դուր չեկավ, նա դա հեգնանք համարեց։

«Ինչ–որ հեգնանք եմ նկատում Ձեր հարցի մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։