Ակնկալիքներս նույնն են, ինչ որ Հայաստանի Հանրապետությունում գործող յուրաքանչյուր արդար եւ օրինական դատարանից, որովհետեւ գործն այնքան անհիմն է, կալանավորելն այնքան ապօրինի է, որ ցանկացած անձ փաստերը դիտարկելիս տվյալ եզրահանգմանը կգա։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Նշենք, որ այս պահին դատարանը քննում է Արա Սաղաթելյանի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը։
Հարցին, որ մի քանի օր շարունակ նրան ազատելու վերաբերյալ ստորագրահավաք է անցկացվել, արդյոք դա կարո՞ղ է ազդեցություն ունենալ որոշման կայացման վրա, պաշտպանը պատասխանեց, որ իրենց հիմնական շեշտն այն է, որ Արա Սաղաթելյանին կալանավորելու պայման չկա․ «Այսինքն՝ պարոն Սաղաթելյանը որեւէ հանցագործության հետ առնչություն չունի, եւ նրան կալանավորելը անօրինական է։ Ինչ վերաբերում է ստորագրություններին, դրանք միմիայն կարող են հաշվի առնվել այն պարագայում, եթե հաստատվի, որ պարոն Սաղաթելյանը առնչություն ունի որեւէ հանցագործության, սակայն չի թաքնվի, քանի որ այդքան անձ պատրաստակամություն է հայտնել ստորագրությամբ իրեն ազատ արձակելու դիմաց երաշխավորել պատշաճ վարքագիծը, դա չեմ կարծում, որ դատարանի վրա պետք է մեծ ազդեցություն ունենալ, դա չի լինելու մեր պնդումների հիմնական մեխը»։
Ինչ վերաբերում է Սաղաթելյանի քաղաքական բանտարկյալ լինելու կարծիքներին, Միհրան Պողոսյանն արձագանքեց․ «Կան 400 եւ ավել անձինք, որոնք թե պատահական, թե դիտավորյալ տվյալ IP հասցեից օգտվել են,թե ինչո՞ւ է 400 եւ ավելի անձանցից ընտրվել պարոն Սաղաթելյանը,պետք է բացատրի վարույթն իրականացնող մարմինը Եթե չենք ստանում բացատրությունը, ապա հասկանալի է, որ սա պարոն Սաղաթելյանի դեմ ուղղորդվող քրեական հետապնդում է»։
Նշենք, որ Սաղաթելյանը կալանավորվել է փետրվարի 21-ին՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ։
Արա Սաղաթելյանը մեղադրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյքի գործով։
Դատարանն արձանագրել էր, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ, բայց այդուհանդերձ նրան կալանավորելու որոշում կայացրել։
Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։
Նշենք, որ այդ գործով մեղադրյալ կարգավիճակ ունեն Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը եւ քաղաքացի Արամ Սարգսյանը։ Այդ գործով կալանքի տակ է գտնվում նաեւ Արամ Սարգսյանը։











