Գաղափարն անհավանական է. անապատում մեգապոլիս առանց մեքենաների եւ ճանապարհների, կառավարվող մեքենանր, որոնք կարող են ճանաչել ձեր դեմքը:
Այնուամենայնիվ, NEOM «ապագայի քաղաքի» շինարարությունը, որը կարժենա 500 մլրդ դոլար արքայազն Մոհամմեդ բին Սալմանի նախաձեռնության շրջանակում, լիարժեք ընթանում է: Նախաձեռնության օպերացիոն գլխավոր տնօրեն Սայմոն Էյնսլիի խոսքով՝ այս տարի շինարարության համար 700 մարդ կվարձվի, հաղորդում է Reuters-ը:
Նախագծի մասշտաբը մեծ է, եւ տարածաշրջանում արդեն լավ զարգացած տրանսպորտային եւ գործնական կենտրոններ կան Դուբայում, Աբուդ Դաբիում եւ Կատարում: Այդ իրադարձությունն անքակտելիորեն կապված է թագաժառանգ արքայազնի հետ, ով որպես թագավորության փաստացի առաջնորդ զայրույթ է առաջացրել Եմենում Սաուդյան Արաբիայի պատերազմի եւ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ ենթադրյալ կապի պատճառով:
Անցած շաբաթ ամերիկյան հետախուզությունը զեկույց հրապարակեց, որում ասվում է, որ արքայազնը «հավանություն է տվել» Խաշոգջիի սպանության օպերացիային: Լրագրողը քննադատում էր Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը:
Վերլուծաբանները կարծում են, որ զեկույցը, քիչ հավանական է, որ կփոխի Սաուդյան Արաբիայի նկատմամբ ներդրողների վերաբերմունքը:
«Նրանք ակնկալում էին, որ Բայդենի վարչակազմն էլ ավելի լուրջ հարված կհասցնի, սակայն եթե դա այդպես է, ազդանշանը բավական թույլ կլինի: Այդ պատճառով ես դա լուրջ խոչընդոտ չեմ համարում ընկերությունների մեծամասնության համար, որոնք հնարավորություններ են փնտրում թագավորությունում»,-ասել է Azure Strategy քոնսալթինգային ընկերության տնօրեն Նիլ Քուիլյամը:
Զեկույցի հրապարակումից առաջ NEOM-ը հայտարարել է, որ նախագիծը հետաքրքրություն է առաջացրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում: «NEOM-ը բանակցություններ է վարում տարբեր ոլորտներից մի քանի ընկերությունների հետ»,-ասվում է հայտարարության մեջ:
Նախագիծը թողարկվել է 2017 թվականին, սակայն քաղաքի մասշտաբային շինարարությունը դեռ չի սկսվել: Այժմ նախագծում աշխատում է ավելի քան 750 մարդ, նրանցից 500-ը վարձվել է անցած տարի:
«Ներդրողները կսկսեն հետաքրքրվել, երբ հիմնական ենթակառուցվածքը աշխատի»,-ասել է նախագծին ծանոթ աղբյուրը:
Ընկերությունը հայտնել է, որ մշտական աշխատանքները կսկսվեն այս տարի, իսկ առաջին փուլը կավարտվի 2025 թվականին:





























