Նոր Զելանդիայի հյուսիս-արեւելքում ուրբաթ տեղի է ունեցել հզոր ստորջրյա երկրաշարժերի շարք, բայց ցունամիի ալիքները, որոնք Հյուսիսային կղզում շատ մարդկանց ստիպել էին տարհանվել բարձրադիր վայրեր, կողքից են անցել՝ զգալի վնաս չհասցնելով, փոխանցում է Reuters-ը: 

Իշխանությունները նախազգուշացրել են, որ երկրաշարժից հետո ալիքները կարող են հասնել երեք մետրի. դրանցից ամենաուժեղի մագնիտուդը կազմել է 8,1, բայց ցունամիի սպառնալիքն անցել է մինչեւ կեսօր, հայտնում է Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությունը (NEMA):

Ուրբաթ ավելի վաղ երեք երկրաշարժերից հետո, հյուսիսային ափին գտնվող Օքլենդ քաղաքի մերձակայքի երեք շրջաններից, ինչպես՝ Նորթլենդից եւ Բեյ օֆ Փլենտիից բանվորները, ուսանողները եւ բնակիչները տարհանվել էին առափնյա քաղաքներից ավելի բարձրադիր շրջաններ:

Երկրի առափնյա շրջանները նախազգուշացրել են, որ մարդիկ ջրից հեռու մնան: Երկրաշարժերի հետեւանքով վնասի կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Երրորդ եւ ուժգին երկրաշարժը ուրբաթ առավոտյան տեղի է ունեցել Քերմադեկ արշիպելագում, որը տեղակայված է Հյուսիսային կղզուց 800 կմ հյուսիս-արեւելք, նույն շրջանում 7,4 մագնիտուդով երկրաշարժից անմիջապես հետո: Ավելի վաղ Հյուսիսային կղզուց արեւելք տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդով ուժգին երկրաշարժ: