Ես չեմ համարում, որ որեւէ նորմալ հայ պետք է այստեղ չլինի: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց բնապահպնության նախկին նախարար,նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Ինձ հարց են տվել, թե ինչու եմ նոյեմբերի 9-ին եղել այնտեղ, բա որտե՞ղ պետք է լինեի: Ես գտնում եմ, որ այն հիմնախնդիրները, որոնք կանգնած են մեր ազգի համար, ցանկացած հայ պետք է լինի այստեղ: Շատ լրջագույն մարտահրավերների առջեւ ենք կանգնած, մեզ սպառնում է պետականության կարուստ, երբ տեսնում ենք օրեցօր հանձնվող մեր հողերը, տեսնում ենք իշխանության անգործությունը: Բացարձակապես աննկարագրելի է այն իրավիճակը, որը կարող էինք ամենավատ երազներում պատկերացնել: Դրա համար ես այստեղ եմ եւ մենակ չեմ, իմ ընկերներով, համախոհներով եմ այստեղ: Ցանկացած հայ իր ծագումնաբանությամբ պետք է ամեն ինչով այս պրոցեսը կանգնեցնել: Սա է իմ համոզմունքը»,-ասաց նա:
Անդրադառնալով տեսակետին, որ պետք է նոյեմբերի 10-ին իշխանափոխություն լիներ եւ Նիկոլ Փաշինյանը մեկ օր առաջ հեռանար. Վարդան Այվազյանն ասաց. «Ցավոք սրտի Սահմանադրությունն ունի շատ խութեր: Այնտեղ կա միայն հրաժարական տալու տարբերակը, այլ ճանապարհի հնարավորություն չունենք: Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք հավակնում են հետագայում ժամանակավոր կառավարություն ստեղծել, իրականացնել կառավարում, ակնկալում են սահմանադրական ճանապարհով հանսել լուծման: Իսկ Նիկոլ Փաշինյանն ունենալով քաղաքական մեծամասնություն, չի հրաժարվում պաշտոնից: Իմ խորին համոզմամբ պետք է որոշում կայացնեն ընդդիմության ներկայացնուցիչները, գնան այլընտրանքային ճանապարհներով: Օրական Սահմանադրությունը հարյուր անգամ խախտվում է, իսկ իրենք ընտրել են սահմանադրական ճանապարհը: Աստված իրենց հետ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է պնդմանը, որ շատերը չեն միանում «Հայրենիքի փրկության շարժմանը», քանի որ այստեղ հավաքված են նախկին իշխանությունները, Վարդան Այվազյանն ասաց. «Այդպես մտածողները ո՞ր ժամանակահատվածում կուզենային ապրել՝ այս ժամանակահատվածում, թե՞ այն, երբ ունեինք ազատ Արցախ, ունեինք զարգացող Հայաստան՝ իր բոլոր պրոբլեմներով: Իսկ հիմա գնում ենք պետականության կորստի»:











