Ցանկացած իշխանություն, որն ուզուրպացվում է, հնարավորություն չունի այդ իշխանության երկարատեւությունն ապահովել առանց դատաիրավական համակարգի ուզուրպացման։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի կողմից միջամտելուն։
«Մարդիկ իշխանությունը զավթեցին ու առաջին հերթին իշխանությունը պահելու խնդիր էր դրված։ Այն դատավորները, որոնք այս իշխանության ցուցումներով քրեական գործեր չեն դակել, որոշումներ չեն կայացրել, այդ դատավորներն այն նույն դատավորներն են, որոնք նախկինում եւս հանդես են եկել դատավորի դիրքերից։ Քրեական գործերով զբաղվող փաստաբաններով տարիներ շարունակ մեր դատավարական մրցակիցը եղել է դատախազությունը։ Մենք արդարադատություն փորձել ենք դատարաններում գտնել։ Օբյեկտիվ գնահատման չափանիշներն էինք փաստաբանների համար մշակել եւ, ըստ էության, եկավ ժամանակն ապացուցելու, որ փաստաբաններն ավելի բյեկտիվ դիքերից ելնելով գնահատում էին այն դատավորներին, որոնք ցանկացած իշխանության պարագայում կատարում էին օրենքից բխող գործողություններ»,- նշեց փաստաբանը։
Պողոսյանի խոսքով՝ իշխանությունն այդ ուզուրպացիայի ընթացքում չի կարող հույսը դնել անհատապես գործող ինչ-որ մի քննիչի որոշումների վրա. «Այսինքն՝ այդ ամենը պետք է համակարգված լինի։ Այս պարագայում Աննա Վարդապետյանը որպես վստահելի անձ է։ Եթե չլիներ Աննա Վարդապետյանը այնպես չէ, որ այդ համակարգը չէր ձեւավորվելու։ Նա իշխանության համար հարմար պահի հայտնվել է հարմար դիրքում։ Այն տոտալ քաղաքական հսկողության տակ գտնվող գործերով տոտալ ուղղորդումները իշխանությանը պետք էին իրենց իշխանությունը երկարաձգելու համար։ Աղմկահարույց են այն գործերը, որոնք իշխանությանն այս պահին քննադատողների դիրքերից են հանդես գալիս։ Ունեք հրապարակված փաստ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ փոխկապակցված։ Դա հստակ փաստ էր, կոնկրետ հանձնարարական էր։ Ես միանշանակ պնդում եմ, որ դատական նիստերի նոր մարտավարությունները, որոշումների կայացումը որեւէ քննիչի մակարդակի գործողություն չէ, դա մի կենտրոնից է ուղղորդվում։ Մենք չենք կարող բացառել, որ բոլոր քննչական բաժիններում կան իշխանության համար այդպիսի հետաքրքրություն ներկայացնող գործեր, որոնցով իշխանությունն իր օգնականների միջոցով ուղղակի հրահանգներ է իջեցրել քրեական հետապնդում իրականացնելու մասին»։
Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ քրեական գործերին միջամտող այդ անձինք պետք է հիշեն, որ իրենք հասարակ հանցագործներ են. «Քիչ թե շատ հնչեղ գործերով համոզված եմ, որ այդ քաղաքական հսկողության ներքո գտնվելը տվյալ անձանց միջոցով է իրականացվում։ Բոլոր այդ անձինք պետք է հիշեն, որ իրենք հասարակ հանցագործներ են, որոնք իրենց պատասխանատվությունը կրելու են այս ամեն ինչի համար, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում վերջին 3,5 տարվա ընթացքում ավելի բռնաբարված բան չկա, քան օրենքն ու օրինականությունն է»։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին 168.am-ը հրապարակել էր տեսանյութ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, եւ ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։
Փաստեր են հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։
Փաստաբան Ամրամ Մակինյանն էլ Աննա Վարդապետյանի եւ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին հաղորդում էր ներկայացրել Դատախազություն։
NEWS.am-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանը զեկուցագիր է ներկայացրել գլխավոր դատախազին այն մասին, որ անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել եւ ներբեռնել տեղեկություններ։
Նշեք, որ այս պահին ԱԱԾ քննչական դեպարտամենտում նյութեր են նախապատրաստվում այդ հաղորդումների հիման վրա։











