Ամերիկյան Microsoft IT հսկան բանակցություններ է վարում ավելի քան 10 մլրդ դոլարով Discord սոցցանցը գնելու շուրջ, հայտնում է «Բլումբերգ» գործակալությունը՝ վկայակոչելով բանակցություններին տեղյակ աղբյուրներին:
Գործակալությունը նշում է, որ Discord-ը բանակցություններ է վարում նաեւ այլ պոտենցիալ գնորդների հետ, բայց համաձայնագիր դեռ չի կնքվել: Գործակալության զրուցակիցներից մեկը միաժամանակ ասում է, որ ընկերությունն ավելի շուտ հանրային կդառնա, քան վաճառքի կգնա:
Հաղորդվում է, որ Discord-ն ավելի վաղ դիմել էր Microsoft-ին ընկերության հանդեպ հետաքրքրությունը գնահատելու համար: Աղբյուրների խոսքով՝ սոցցանցի հետ բանակցությունները վարել է Microsoft-ի խաղայի կոնսոլներ ստեղծող բաժանմունքի՝ xbox-ի ղեկավար Ֆիլ Սփենսերը:
Ամերիկյան Microsoft ընկերությունը 1975 թվականին ստեղծել են Բիլ Գեյթսը եւ Փոլ Ալենը: Կենտրոնակայանը գտնվում է Ռեդմոնդում, Վաշինգտոն նահանգ: Ընկերությունը մասնագիտացած է ծրագրային ապահովման մշակմամբ, Windows օպերացիոն համակարգը մշակողն է:
2015 թվականի ստեղծված Discord սոցցանցը նախապես մտահղացվել էր որպես գեյմերների հարթակ: Այն օգտատերերին թույլ է տալիս շփվել տեսա եւ ձայնային կապով, ինչպես նաեւ հաղորդագրություններ փոխանակել: Discord-ի տվյալներով՝ սոցցանցն ունի ամսական ավելի քան 100 մլն ակտիվ օգտատեր:





























