Հանրային լողափերը, որոնք տեղակայված են Սեւանի քաղաքային լողափի հարակից տարածքներում եւ թերակղզու հատվածում, անհրաժեշտության դեպքում արդեն կարող են ընդունել այցելուներին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ բաժինը:
Հանրային լողափերի համար ընտրված երկու տարածքներն ընդլայնվել են, ներկայումս իրականացվում են ավելացված հատվածների բարեկարգման եւ կառուցապատման աշխատանքները:
ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պատասխանատու կազմակերպություններին հորդորել է աշխատանքներն իրականացնել այնպես, որպեսզի լողափերի շահագործումը չուշանա, եւ քաղաքացիները հնարավորություն ունենան ժամանակին կազմակերպել իրենց հանգիստը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, հանրային լողափերը կստեղծվեն Սեւան ազգային պարկի ռեկրեացիոն գոտում։ Լողափերից մեկը գտնվում է հայտնի «Ֆլամինգո- Արտ» լողափի տարածքում, ինչի պատճառով Ֆլամինգոյի տերը` Անահիտ Թարխանյանը բաց նամակով իր դժգոհությունն էր հայտնել կառավարության որոշումից:



























