Շենգավիթի վարչական շրջանի Երեւանի թիվ 133 մանկապարտեզի կոլեկտիվն այսօր՝ մարտի 31-ին, բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց. մանկապարտեզի աշխատակիցները բողոքում են, որ աշխատանքից ազատվել է մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Մանուկյանը, որն անհետ կորածի կին է:
Մանկապատրեզի աշխատակիցներից մեկը նշեց, որ նրան մեղադրում են, 11 երեխայի մանկապարտեզ ընդունելու համար, որն իբր կատարվել է ապօրինի, հերթացուցակից դուրս: «Ժաննա Մանուկյանին ասել են, որ դուք կարող եք աջակցել պատերազմին մասնակցած անձանց երեխաներին՝ ընդունելով մանկապարտեզ: Հիմա կարելի՞ է նման տնօրենին աշխատանքից ազատել: Այս հարցը պետք է լուծել»,-ասաց նա:
Արեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունից Արմեն Սարգսյանը լսեց ակցիայի մասնակիցներին, ապա լրագրողներին հայտնեց, որ այսօր ինքը հանդիպել է վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հետ, վերջինս ներկայացրել է, որ մանկապարտեզի տնօրնեին ազատելու որոշումն արդարացի է: «Խնդիրը հետեւյալն է. առողջապահության նխարարը հրաման է արձակել, որ կորոնավիրուսի ժամանակ մանկապարտեզների տնօրեններն իրավունք ունեն երեխաներին ընդունել, քանի որ ծնողները աշխտանքի են լինում, երեխաներին նայող չկա: Տիկին Ժաննան առաջնորդվել է նախարարի հրամանով, քանի որ նախարարն ավելի գերագույն մարմին է, քան քաղաքապետի որոշումը: Դրա համար ես հիմա ժողովրդի կողքին եմ: Բացի այդ, Ժաննա Մանուկյանի ամուսինը արդեն 6 ամիս անհետ կորած է: Եթե անգամ սխալ է արել, նկատողություն տայիք»,-ասաց Ներսիսյանը:
Նա ընդգծեց, որ Ժաննա Մանուկյանը ասել է, որ անպայման դիմելու է դատարան:
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը եւս խոսեց թեմայի շուրջ՝ նշելով, որ վարչական շրջանի ղեկավարի պարզաբանումները, հիմքերը, պատճառաբանությունները շատ հստակ են, թե ինչու է ազատվել տնօրենի պաշտոնակատարը. «Նրա հիմնավորման համաձայն տիկին Մանուկյանը ժամանակավորապես իրեն վստահված պարտականությունները պատշաճ չի կատարել: Մենք եկեք ինքներս մեզ հարց տնք. Միգուցե այն երեխաները, որոնք հերթագրման կարգի խախտման հետեւանքով դուրս են մնացել մանկապարտեզից, նրանց իրավունքները ո՞վ պետք է ներկայացնի: Մենք գիտենք, որ կա հերթագրման խախտում եւ երկու երեխա հերթագրված չեն եղել»:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է՝ մանկապարտեզի տնօրենն ըստ իր ցանկության կամ չիմացության հետեւանքով ընտրել եւ ընդունել է որեւէ արտահերթություն չունեցող 12 երեխաների, ովքեր 50-րդ, 47-րդ, 16-րդ եւ այլ հերթագրման համարն են ունեցել՝ չպահպանելով երեխաների ընդունելության համար սահմանված կարգը եւ հերթագրման հաջորդականությունը։
Ռազմիկ Մկրտչյանը հայտնել էր, որ խնդիրը լուծված է. վաղաժամկետ լուծվել է տնօրենի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիրը:











