Այնտեղ առկա են առերեւույթ հանցագործության կատարման դեպքեր, որի կապակցությամբ ոստիկանության եւ ոչ միայն ոստիկանության կողմից կատարվում են համապատասխան գործողություններ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Նա նշեց, որ կալանավորված անձինք չկան, ընթանում են համապատասխան միջոցառումներ. «Դատավարական կարգավիճակ անձինք ձեռք են բերում որոշակի գործողությունների արդյունքում: Այսինքն միանգամից բերման ենթարկելիս անձին չի շնորհվում դատավարական կարգավիճակ: Եթե մերժվի, որ այնտեղ խուլագանություն առկա չէ, հետեւաբար տվյալ անձի նկատմամբ որեւէ գործողություն չի իրականացվի: Եթե որստիկանության գործողություններում ապօրինի բան լինի, համապատասխան ծառայողական քննություն կիրականացվի եւ մարդիկ վստահեցնում եմ, որ կենթարկվեն համարժեք պատասխանատվության»,-ասաց նա:

Փոխոստիկանապետը նաեւ վստահեցրեց, որ Սյունիքից ավելի քան 100 մարդ բերման չի ենթարկվել. «Դա ակնհայտ ապատեղեկատվություն է: Շատ ավելի քիչ են, 2-3 հոգի, եթե չեմ սխալվում: Ընդամենը իրականացվում են համապատասխան օպերատիվ, հետախուզական, քննչական միջոցառումներ:

Ինչ վերաբերում է Մեղրիի քաղաքապետին, նա ասաց, որ առկա է առերևույթ հանցագործության կատարման դեպք, որի կապակցությամբ իրականացվում են միջոցառումներ. «Մեղրիի համայնքապետն այս պահի դրությամբ չի կալանավորվի, քանի որ որպես խափանման միջոց կալանքն ընտրվում է դատարանի կողմից»:

Հարցին, թե  քաղաքական ճնշում չէր արդյոք Սյունիքի մարզպետարանում վարչապետի կողմից ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին հանձնարարական տալը՝ բացահայտ ուղղորդմամբ, նա ասաց.«Ի՞նչ է նշանակում բացահայտ ուղղորդել, եթե կա առերևույթ հանցագործության դեպք, ապա միանշանակ է, որ իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն համապատասխան բոլոր անհրաժեշտ միջոցառումները տվյալ դեպքը բացահայտելու համար»:

Դիտարկմանը, թե Սյունիքում ակցիաների ժամանակ հնչում էին հայհոյանքներ, ոստիկանությունը ոչինչ չէր ձեռնարկում, եւ միայն մարզպետարանում խորհրդակցությունից հետո ոստիկանությունը սկսեց տեղից շարժվել, եւ երկրորդ, եթե խուլիգանություն էր տեղի ունենում, ինչո՞ւ էր Ոստիկանությունն անգործության մատնված, Ֆիդանյանն ասաց. «Ոստիկանությունը միշտ աշխատում է, անգործության չի մատնվել: Նաև ոստիկանների համազգեստներից ակնհայտ երևում է, թե ինչ վիճակում են հայտնվել նրանք: Եթե դուք դա դիտարկում եք անգործություն, ապա կներեք, Ոստիկանությունն այդ ուժերով ավելին չէր կարող անել: Լրացուցիչ ուժերի պարագայում, գուցե, հնարավոր լիներ, բայց այդ պահին այդքանն է եղել հնարավոր իրականացնել»:

Փոխոստիկանապետը հերքեց լուրը, թե ոստիկաններով լի ավտոբուսներ են Երևանից Սյունիք գնացել: Ասաց՝ գնացել են այնքան, որքան անհրաժեշտ է հասարակական կարգն ապահովելու համար: