Սյունիքի համայնքի ղեկավարները ձերբակալվել են անմիջականորեն վարչապետի հրահանգով։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։ «Ես հրապարակավ տալիս եմ հաղորդում հանցագործության վերաբերյալ առ այն, որ հանրապետության վարչապետ հորջորջող Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվել է պաշտոնեական դիրքի չարաշահում, իր լիազորությունների սահմանազանցում։ Իրավապահ մարմինների ուշադրությունն եք հրավիրում այս հանգամանքին և հորդորում ենք այս փաստի առթիվ հարուցել քրեական գործ և կատարել համապատասխան քննություն։ Համայնքի ղեկավարների վարքագիծը լիովին եղել է օրինաչափ սահմանդրության և գործող օրենքների շրջանակներում։ Սա հերթական քաղաքական հետապնդումն է»,- նշեց նա։
Վարդան Այվազյանի կարծիքով՝ երեկ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Սյունիքի տարբեր համայնքներում կազմակերպված բողոքի ակցիաներն ինքնաբուխ էին․ «Դա գալիս էր մարդկանց հոգու խորքից և լրիվ իմ սրտից էր։ Որպես հանրապետության քաղաքացի՝ ես ողջունում եմ այդ ինքնաբուխ ակցիան կատարող բոլոր քաղաքացիներին»։
Սահմանադրագետի խոսքով՝ Փաշինյանի հետ Սյունիք գնացած հատուկջոկատայինների ներկայությունը հերթական օրենքի խախտումն էր։
«Կային նաև ռուսական դրոշով խաղաղապահ ուժերի ուղեկցող մեքենաներ։ Եթե երկրի վարչապետին ուղեկցում են այլ երկրի դրոշով նրա անվտանգությունըւ ապահովող ուժեր, ապա մենք գործ ունենք մեր երկրի ինքնիշխանության լիակատար հուղարկավորության հետ։ Վարչապետն աշխարհին ցույց տվեց, որ իր թեթև ձեռքով հուղարկավորել է մեր երկրի ինքնիշխանությունը։ Դա նույնպես հայրենիքի դավաճանության հանցագործության ժանրից է»,- ավելացրեց Այվազյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել նրան մտնել համայնքներ: Բողոքի ակցիա է իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները վանկարկել են «Նիկո՛լ, դավաճա՛ն, թո՛ւրք, հողատո՛ւ», հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները:
Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել է Սյունիքի մարզպետարան և խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»: Իսկ արդեն գիշերը մի շարք քաղաքացիների են բերման ենթարկել, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին:











