Մոտ ինը տարի է Երևանի Սիլիկյան թաղամասի հինգերորդ և վեցերորդ փողոցների միջև ընկած հատվածում կոյուղու ջուրը դիտահորից լցվում է փողոց։

Կնոջ խոսքով՝ ժամանակին այս խնդիրը փորձել է լուծել իր ամուսինը, որը սակայն զոհվեց 44-օրյա պատերազմում։

«Ամիսը մի քանի անգամ այսպես է լինում։ «Վեոլիա ջուրը» մաքրում է, աղբը կուտակում է այստեղ ու գնում է»,- NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց բնակչուհի Գայանե Գևորգյանը։

Բնակչուհու կարծիքով՝ խնդիրը խողովակներն են, փոքր չափերի պատճառով չի կարղանում ջուրը պահել․ «Երբեմն ջուրն այնքան շատ է լինում, որ լցվում է խանութ, ծածկում է ամբողջ մայթը, ու մարդիկ չեն կարողանում քայլել։ Շոգ եղանակներին հատկապես սարսափելի հոտ է գալիս»։

Բնակչուհու խոսքով՝ իրենք դիմել են  նաև թաղապետարանին և քաղաքապետարանին, սակայն ապարդյուն։