Իհարկե, Հայաստանում կան ազգային ուժեր. Ես նույնիսկ զարմանում եմ, որ այդպիսի հարց է առաջանում, եթե հարց է առաջանում, նշանակում է կա կասկած, եւ այն ուժերը, որոնք իրենց այդպիսին են հայտարարել, արդյոք այդպիսին են, թե ոչ: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Այո, կան ուժեր, խմբավորումներ, որոնք իրենց ազգային են հայտարարել, բայց իմ պատկերացմամբ շատ հեռու են այդպիսին լինելուց: Հիմա քաղաքականություն է: Այո կան ազգային ուժեր, որոնք ժամանակի մեջ են ապացուցել, որ իրենք ազգային ուժեր են: Այդ ուժերի հետ մենք համագործակցում ենք: Չեմ ուզում կուսակցությունների անուններ տալ, դա կոռեկտ չի լինի իմ կողմից»,-ասաց նա:
Քոչարյանն անդրադարձավ նաեւ իշխող թիմի ներկայացուցիչներից մեկի հայտարարությանը, թե բանակը հո ամայի տարածքները պաշտպանելու համար չի, բանակը մեր ժողովրդին պաշտպանելու համար է. «Այդպես մտածող մարդը ոչ միայն պատգամավոր չի կարող լինել, այլ ուղղակի Հայաստանում ապրելու իրավունք չպետք է ունենա: Ի՞նչ է նշանակում ամայի տարածքներ: Հիմա քո երկրի մի զգալի մասը կարելի է անվանել ամայի տարածքներ: Յուրաքանչյուր երկրի մոտ 10-15 տոկոսն է բնակավայրերի տարածքը, մնացածը գնացեք հանձնեք: Սա հոգեբանության մի տեսակ է, որն իձ համար անծանոթ է: Ես ընդհանրապես չգիտեի, որ Հայաստանում գոյություն ունեն, քայլում են, շնչում են նման կարգի մարդիկ:
Սա կոնկրետ ՀՀ տարածքային ամբողջականության խաթարում է, որը քրեորեն պատժվող արարք է: Եվ այս մեղքը, այս քրեական հոդվածը այս իշխանությունների վրա եք: Սրա տակից ոնց են դուրս գալու, ես չգիտեմ: Առաջին հարցը լինելու՝ ինչ եք արել, դա թույլ չտալու համար: Ոչ մի քայլ չի արվել, բացի սեփական ժողովրդին մոլորեցնելու փորձերից»,-հայտարարեց երկրորդ նախագահը:











