Իմ կարծիքով՝ դժվար է տարանջատել, օրինակ, Խաչատուր Սուքիասյանը գործարա՞ր է, թե՞ քաղաքական գործիչ։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

«Իմ կարծիքով՝ դժվար է տարանջատել օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը գործարա՞ր է, թե՞ քաղաքական գործիչ, որովհետեւ Սուքիասյանների ընտանիքը, նրանք 4 եղբայր են, ամեն մեկն ունի իր ոլորտի բիզնեսը, այդ թվում՝ գուցե Խաչատուր Սուքիասյանն ունի բիզնես, որը հանձնված է կառավարման։ Ըստ իս՝ Խաչատուր Սուքիասյանը շատ ավելի երկար տարիներ զբաղվել է քաղաքականությամբ, նա անգամ հետապնդվել է իր քաղաքական հայացքների համար 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական պրոցեսների ժամանակ, իսկ իր ընտանիքը, եղբայրները որպես գործարարներ էին հետապնդվում այդ օրվա իշխանությունների կողմից։ Դժվար է այս պահի դրությամբ ասել՝ Խաչատուր Սուքիասյանը քաղաքական գործիչ է, թե գործարար»,- նշեց նա։

Հարցին՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, Հակոբյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանը մի քանի անգամ հայտարարել է, որ նա ունի բիզնեսներ, որոնք հանձնել է կառավարման. այս պահի դրությամբ չեմ կարող ասել՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, թե գործարար։ Եթե նայենք այն ժամանակվա խորհրդարանին, մենք այսօր բոլորովին այլ խորհրդարան ունենք»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Սամվել Ալեքսանյանը նույնպես ընդգրկվի ցուցակում, պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարծում, եթե հնարավոր լիներ, նման խոսակցություն կլիներ, եւ հիմա այդ հարցն էլ ինձ կտաք»։

Անդրադառնալով ադրբեջանական զինվորականների՝ Հայաստանի պետական սահմանն անցնելու եւ արդեն 14 օր այստեղ մնալուն՝ Հրաչյա Հակովյանն ասաց, որ այդ ուղղությամբ մեծ թվով գործողություններ են իրականացվում. «Ինչ է նշանակում հետ շպրտել, բնականաբար մենք չենք ցանկանում այդ գործընթացն իրականացնել ուժ կիրառելով, դիվանագիտական ճանապարհով տեսնում ենք, որ աշխատանք արվում է»։

Լրագրողի այն դիտարկմանը, որ ասվում է՝ բանակցություններ են տարվում, բայց դրանից Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինվորականների թիվը չի պակասում, պատգամավորն արձագանքեց. «Այո, չի պակասում, բայց որոշ հարցադրումների դեպքում փորձում են ներկայացնել այնպես, որ ավելացել է, բայց չի ավելացել»։

Անդրադառնալով հարցին, որ Հայաստանի տարածքում ադրբեջանցիներն ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, պատգամավորն ասաց. «Նման տեղեկություն չունեմ։ Այդ տեղեկություններն այնքան հավաստի չեն, որ տարբեր կայքեր ինչ-որ լուրեր կգրեն, հետո լրագրողներն էլ դրա վրա հիմնվելով՝ հարոց են հարց հնչեցնել»։

Հարցին՝ արդյոք երկրում ռազմական դրություն մտցնելու հարց քննարկվե՞լ է, պատգամավորն ասաց, որ նման քննարկման մասին տեղեկություն չունի. «Այս պահին նման անհրաժեշտություն չեմ տեսնում»։

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությանը, որ այդ տարածքներում Ադրբեջանն անկալվներ ունի, Հակոբյանն ասաց. «Եթե կան անկլավներ, այդտեղ անհանգստանալու որեւէ բան կա՞»։

Լրագրողի այն արձագանքին, թե պատմությունն իրենց մոտ Սովետական միությունից է սկսվո՞ւմ, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Եթե այդպես վերցնենք, կարող ենք շատ ավելի հետ գնալ։ Ինչ-որ մի ելակետային բան պետք է ունենանք, թե որտեղից սկսենք։ Վարչապետն ԱԺ ամբիոնից ասաց՝ գուցե քննարկումների արդյունքում ասենք, որ մեր սահմանները նրանք են, որոնք հենց հիմա ունենք։ Այսինքն՝ դեռ գնում են քննարկումներ»։

Այն դիտարկմանը, թե թշնամին մեզ պիտի քարտեզ բերի՞, պատգամավորն արձագանքեց. «Ինչո՞ւ եք ասում՝ թշնամին մեզ պիտի քարտեզ բերի, մենք էլ ենք քարտեզ տանելու, մենք էլ մեր քարտեզն ենք տանելու թշնամուն դեմ տանք։ Մեր քարտեզով գնում ու ասում ենք՝ սա մեր տարածքն է»։