2021թ. մայիսի 25-ին` ժամը 19:30-ին, «Շենգավիթ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ:

Քննչական կոմիտեից NEWS.am-ը տեղեկանում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է՝ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը  իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոց է արձակել երիտասարդի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Երիտասարդը տուժող է ճանաչվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում  տուժողին պատկանող ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ եւ արնանման հետքեր: Առգրավվել են տուժողի հագուստները եւ վերջինիս մարմնից հանված մետաղյա բեկորները։

Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ։

Կատարվում է նախաքննություն: