«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ Վահագն Ալեքսանյանն ու Արմեն Խոջոյանը քիչ առաջ ԿԸՀ ներկայացրեցին իրենց կուսակցության ընտրական ցուցակը, որում ընդգրկված է 161 թեկնածու. նրանցից 4-ը ազգային փոքրամասնության ներկայացուցիչ թեկնածուներն են: 

Ցուցակը ԿԸՀ-ին ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց. «Մեր միակ ակնկալիքն այն է, որ ժողովրդի իշխանությունն այս ընտրություններում վերահաստատվելու է: Թե ժողովուրդը ում միջոցով կիրացնի իր իշխանությունը որպես կառավարող ուժ, դա թողնում ենք ժողովրդի ընտրությանը: Շատ շուտով, մեկ ժամվա ընթացքում կհրապարակենք ՔՊ ցուցակը ամբողջությամբ: Ցուցակը շատ ներառական է, ներառված են թե գործադիրից, թե ԱԺ-ից: Այո, Տիգրան Ավինյանը չկա: Մի քանի գործիչներ, որոնք գործադիրում են, չկան ցուցակում»:

Հարցին, թե արդյոք Ավինյանի՝ ցուցակում չլինելը պայմանավորված է նրանով, որ ցուցակում է գործարար Խաչատուր Սուքիասյանը, որը կարող է հետագայում զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը, ՔՊ ներկայացուցիչը պատասխանեց. «Ես ճիշտն ասած, չգիտեմ, թե որտեղից վերցրեցիք այն ամենը, ինչը նոր ասացիք: Դեռ պետք է ընտրություններ լինեն, դեռ պետք է կառավարություն կազմվի այդ ընտրություններից հետո, որից հետո միայն կընտրվի վարչապետ ու փոխվարչապետներ նշանակվեն»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու ՔՊ ցուցակում չկա Հայկ Մարությանը, «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Նկատի ունեք, որ Հայկ Մարությանը պետք է քաղաքապետությունից դուրս գար, դառնար պատգամավո՞ր: Թեկնածու լինելն ինքնանպատակ չէ»:

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հայտարարությանը, թե իրեն ընտրություններն ընդհանրապես չեն հետաքրքրում, Ալեքսանյանն ասաց. «Չեմ լսել այդ հայտարարությունը, բայց Հայկ Մարությանը ՔՊ-ի անդամ է եւ Երեւանի քաղաքապետ»: