Ի հեճուկս այս աղետի, ի հեճուկս այս դժոխքի, որի միջով անցնում ենք, ՀՀ-ում ապագա կա: այս մասին այսօր` մայիսի 30-ին, Վանաձորի իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Այո մենք էլ ընդունում ենք, որ եկել է պողպատյա մանդատ ստանալու ժամանակը: Եթե ժողովուրդը մեզ տալիս է պողպատե մանդատ, մենք այդ պողպատը կօգտագործենք Հայաստանի ողնաշարը ուղղելու, Հայաստանի ժողովրդի ինքնիշխանությունն ու անկախությունը վերահաստատելու համար: Եւ ես չեմ կաշկանդվի ամեն անգամ, որեւէ դուրսպրծուկի գտնելով, էդ դուրսպրծուկին 5000 դրամ տալով, որ ուղարկեն, որ մեր հասցեին ասեն թուրք: Տո΄, որ ձեզ թուրք էին ասում, մենք ո՞ւր էինք: Մեզ չեք կաշկանդի, մեզ չեք վախեցնի, մեզ չեք կարող կոտրել: Մենք հասկացել ենք, որ իսկական դավաճանությունը կլինի այն, եթե մենք ժողովրդին միայնակ թողնենք քոչարյանսերժական ոհմակի առաջ եւ մենք եկել ենք ասել, որ այդ ոհմակի ատամները ջարդելու ենք հենց այս ընտրություններում»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, այսօր Սոթքից մինչեւ Խոզնավար ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ոմանք ոչ թե զբաղված էին մեր սահմանների պաշտպանությամբ, այլ Գլխավոր շտաբը սարքել էին քաղաքական քննարկումների գրասնեյակ:
«Պատերազմից հետո իմ առաջին հրամանը ԳՇ պետին եղել է հետեւյալը` օր ու գիշեր զբաղվել սահմանների նոր հատվածի կահավորմամբ, բայց ամեն անգամ ես տեսնում եմ, որ ԳՇ պետը եւ տեղակալը ոչ թե իրանց գործով են զբաղված, այլ զբաղված են քաղաքակնությամբ` Սերժի հետ, Ռոբերտի հետ, էս մի կուսակցության հետ, էն մի կուսակցության հետ եւ փետրվարի 28-ին հանդես եկան իմ եւ կառավարության հրաժարականի պահանջով: Ամիս ու կես է տեւել ԳՇ պետի եւ նրա տեղակալի ազատման եւ նոր նշանակման պրոցեսը, բա էդ ժամանակ սահմաններով ո՞վ էր զբաղվելու, ամբողջ բանակը զբաղված էր քաղաքական ինտրիգներով: Էն մարդիկ, որոնց մենք հարգել ենք, պատվել ենք, գեներալի կոչումներ ենք շնորհել այսօր դարձել են Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի բուկլետ բաժանող, դրանից հետո մոյկի բուկլետ են բաժանելու Երեւանի փողոցներում եւ գյուղերում»,-ասաց նա:











