«Հայաստան» դաշինքն այսօր դիմում է մուտքագրել Սահմանադրական դատարան՝ ԿԸՀ-ի հունիսի 27-ի որոշման անվավեր ճանաչելու պահանջով. Այսինքն մենք վիճարկել ենք ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունը եւ նաեւ փաստական հանգամանքները, որոնք կան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

«ՍԴ-ն նշված դիմումը քննության առարկա է դարձնելու թե քանակական խախտումների իմաստով, թե որակական իմաստով: Որակականը արդեն վերաբերում է այն հարցերին, որոնք մենք ներկայացնում ենք սկսած մայիսի 10-ից, կամ նույնիսկ ապրիլի 25-ից: Մենք ներկայացրել ենք դիմումը 12 կետից բաղկացած խնդիրների մանրամասն վերլուծությամբ, կից փաստաթղթերով եւ մեր հիմնավորումներով:

ՍԴ-ի մասին օրենքով առաջին անգամ է ՍԴ-ում ընտրությունների վերաբերյալ վեճը քննության առարկա դառնալու: ՍԴ-ի մասին օրենքն ընդունվել է 2018-ին: 2018-ից ի վեր ընտրական վեճերով ՍԴ-ում քննություն չենք ունեցել; Այս անգամվա ընտրությունների վերաբերյալ սահմանադրական արդարադատության մոդելը լինելու է աննախադեպ, քանի որ ընտրության արդյունքները ՍԴ-ում վիճարկում են մի քանի ուժեր»,-ասաց Վարդեւանյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենց դիմումը բավական ծավալուն է, որոշ մասը ներկայացրել են կրիչներով, քանի որ խոսքը տեսանյութերի մասին է. «Մենք ներկայացրել ենք 109 տեղամասերի վերաբերյալ արդյունքների մեր վերլուծությունը, որը վերաբերում է շուրջ 88 հազար ձայնի, որից 4 հազարի մասով տեսել ենք, որ ընտրական տեղամասերում հրապարակված ցուցակներում չկան ստորագրություններ:

Հաջորդը, 30-40 ընտրական տեղամասերի ուսումնաիրության արդյունքում գտել ենք իրավիճակներ, երբ ընտրողների անուններով մատյանի որոշ էջերից մի քանի հատ է եղել: Մենք վեր ենք հանել դեպքեր, երբ ընտրական տեղամասի համապատասխան ցուցակում մի տեղ ստորագրել է ասենք, Արամ Վարդեւանյանը, ուրիշ ոչ մեկի ստորագրությունը չկա, մեկ այլ տեղ էլի կա իմ ստորագրությունը, եւ եւս 5 հոգու: Այսինքն հերիք չի նույն թղթից երկու հատ կա, այդ թղթի տվյալներն էլ տարբերվում են»,-ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:

Նա անդրադարձավ նաեւ նրան, որ հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը պահպանեց վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը. «Դա արվեց մեկ նպատակով՝ վարչական ռեսուրսի չարաշահման: 2017-ին ՍԴ-ի որոշումը, երբ ՍԴ էին դիմել ՀԺԿ-ն ու ՀԱԿ-ը, դիմումի առարկան վերաբերում էր նաեւ վարչական ռեսուրսին, եւ ՍԴ-ն համարել էր, որ վարչական ռեսուրսի վերաբերյալ չկան փաստական տվյալներ, կան գնահատողական դատողություններ: Այսօր մենք ունենք առաջին անգամ դեպք, երբ արձնագարված է վարչական ռեսուրսի չարաշահումը իշխանության կողմից:

Մյուս հանգամանքը ատելության խոսքի շղթան էր: Այն, ինչ մենք տեսնում էինք իշխանության թեկնածուի կողմից, ով զուգահեռաբար նաեւ վարչապետի պաշտոնակատարն էր, այդ ատելության խոսքի ծավալն անգերազանցելի էր: Բոլոր այդ արտահայտությունները ՍԴ-ում քննության առարկա դառնալու են:

Կարող եմ ասել, որ հետաքրքիր քննություն կունենանք ՍԴ-ում, որտեղ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ հանդես կգամ ես»: