Պրոֆեսոր Արմեն Չարչյանը պետք է ազատ արձակվի: Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ նույն դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի կալանքի վերաբերյալ դատարանի որոշմանը նվիրված մամուլի ասուլիսում: Հիշեցնենք, որ ըստ օրենսդրության, ժողովրդի ընտրյալը կարող է ձերբակալել միայն խորհրդարանի համաձայնությամբ` գլխավոր դատախազի ներկայացմամբ: Իշխանությունները նման «ձեւականությունների հետեւից չեն ընկել»:
Օհանյանը տեղեկացրեց, որ այսօր դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել հերթական նիստը, ներկա է եղել նաեւ դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Քննարկվեցին կազմակերպչական հարցեր, կառավարության ծրագիրը, որը կներկայացվի: Նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ դատարանը հերթական խայտառակ քայլն է կատարել մեր գործընկերոջ՝ վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ»,- տեղեկացրեց Օհանյանը: Նա իշխանությունների գործողությունները որակեց որպես այլակարծության հետապնդում և մենիշխանության ձգտում:
Դաշինքի ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ երբեք ընդդիմության նման հետապնդում չի եղել: Նրա հաշվարկներով՝ 3-ը ձերբակալված են, իսկ 13-14-ի նկատմամբ շարունակվում է քրեական հետապնդումը:











