NEWS.am-ը շարունակում է շարքը Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ վերականգնելով իրադարձությունների պաշտոնական եւ իրական ժամանակագրությունը՝ օր առ օր։ Շատ իրադարձություններ մնացել են ստվերում, շատ տեղեկություններ վստահաբար գաղտնիացվել են կամ թաքցվել, պատերազմի ընթացքում, առավել եւս աղետին հաջորդող ամիսներին կուտակվել են բազմաթիվ հարցականներ, որոնց գերակշիռ մեծամասնության պատասխանները մինչեւ օրս չեն հնչել. ինչու եւ ինչպես ընկավ Շուշին, ինչու էին իրարամերժ ճակատից ստացվող եւ պաշտոնական տեղեկությունները, ինչու էր վարչապետը հարցազրույցի ընթացքում վստահորեն պնդում, թե այդ պահին հայկական ուժերն անցել են հակահարձակման եւ ջարդում են հակառակորդի բանակի ողնաշարը, սակայն հետո պարզվեց, որ հարավային ուղղությամբ այդ գործողությունն էր հենց հետագա ռազմական անհաջողությունների գլխավոր պատճառը, եւ, իհարկե, ինչպես եղավ, որ պաշտոնական մակարդակով մինչեւ վերջին օրը պատերազմն իշխանությունը վարում էր «Հաղթելու ենք» խոստում-կարգախոսի  ներքո, եւ Շուշիի անկման ցնցումից ուշքի չեկած հանրությանը ժամեր անց ներկայացվեց պարտությունն արձանագրող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 10-րդ՝ հոկտեմբերի 6

Արցախի նախագահի գիշերային գրառումը դարձյալ հանրության շրջանում հաղթանակի կասկած չէր թողնում.

«Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հերթական օրն ամփոփում ենք առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ: Պաշտպանության բանակն իր առջեւ դրված մարտական խնդիրը իրականացրել է փայլուն, եւ այս պահին եւս հաջողությամբ դիմագրավում է թշնամու բոլոր ոտնձգություններին թե՛ օդում, թե՛ ցամաքում՝ պատճառելով նրան զինտեխնիկայի եւ կենդանի ուժի զգալի կորուստներ: Թերեւս դա է եղել պատճառը, որ Ադրբեջանի ահաբեկչական բանակը «Սմերչ» կայանքից ավելի քան հարյուր հրթիռ է արձակել մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, մեծ կորուստներ չեն եղել: Այսօր ինձ զեկուցեցին նաեւ, որ այս մի քանի օրվա մեջ սփյուռքահայության հանգանակությունը արդեն կազմել է 50 մլն եվրո: Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերվող աջակցության համար եւ հորդորս է շարունակել դրամահավաքը, քանի որ պատերազմից ու, ամենակարեւորը, սպասվող առաջիկա հաղթանակից հետո պետք է արագ կերպով վերականգնենք ավերակները եւ շարունակենք ծաղկեցնել համայն հայության հպարտությունն իր մեջ մարմնավորած Արցախ աշխարհը: Ու դա պետք է լինի մեր բոլորի հավաքական պատասխանն աշխարհին: Մեր համազգային միասնությունը մեկ անգամ եւս փաստում է, որ Ադրբեջանն արդեն պարտվել է այս պատերազմում: Հաղթանակը մերն է ու թող դրանում ոչ ոք չկասկածի»,- գրել էր Արայիկ Հարությունյանը։

Նրա մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի գրառումը եւս փարատեց նույնիսկ ամենահոռետեսների մտավախությունները.

«Բարի լույս։ Ամուր ենք, ուժեղ և հզոր։ Կեցցե՛ հայ ժողովրդի հավաքական կամքն ու զորությունը, որի առջև շատ շուտով խոնարհվելու է թուրք-ադրբեջանական ջախջախված տանդեմը»,- Ֆեյսբուքում գրել էր նա:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տարածաշրջանային եւ միջազգային խաղացողներին կոչ է անում օգնել հասնելու կրակի շտապ դադարեցմանը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, հայտարարեց գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Դյուժարիկը։ Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող էսկալացիան, չնայած ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, նաեւ լրջորեն մտահոգված է ռազմական գործողությունների տարածման, այդ թվում՝ բնակելի գոտիների գնդակոծությունների վերաբերյալ տեղեկություններից։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հերթական հուսադրող գրառումն արեց.

«Սիրելի՛ հայրենակիցներ, անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը: Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները: Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո: Հաղթանակը մերն է լինելու, վստա՛հ եղեք»:

Հետագայում էր պարզվելու, որ հարավում թշնամին ճեղքել է ճակատը, ինչը ներկայացվում էր «խուսանավումներով», «մարտավարական նահանջով», «հակառակորդին ծուղակը գցելով»։

Ազգային ժողովը նիստ հրավիրեց, որի օրակարգում 6 հարց էր: Դրանցից մեկով փոփոխություններ արվեցին բյուջեի նախագծում: Ըստ այդմ՝ պաշտպանական ծախսերը ավելացան 40 մլրդ դրամի չափով:

Լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հարձակման հետեւանքով ստացված վիրավորումների ճնշող մեծամասնությունը՝ գրեթե 100 տոկոսը, ականապայթյունային վիրավորումներ են, ոչ հրազենային:

«Այս պատերազմը, այնպես է ստացվել, որ օդային կամ հրետանային, կամ թռչող անօդաչու սարքերով պատերազմ է»,- ասում էր նա:

(Դեռ մինչեւ պատերազմն էին փորձագետները ահազանգում, որ ձեռք բերած սպառազինությամբ Ադրբեջանը վարելու է նոր սերնդի, այսպես կոչված անհպում  պատերազմ, որի ընթացքում կամավորների մեծ կամ փոքր թվակազմը դեր չի խաղալու, պատերազմի մասնակիցների զգալի, եթե ոչ մեծ մասը, նույնիսկ հեռվից չի տեսել թշնամուն՝ NEWS.am):

Ա.Թորոսյանը վստահեցնում էր, որ թիկունքային բուժապահովությունը հստակ կանոնակարգված է։

«Ամբողջ Հայաստանի ու Արցախի բժշկական հանրությունն իր մյուս գործերը թողած զբաղվում է մեր վիրավորների բուժմամբ, տարհանմամբ: Գորիսը ամենահիմնական տարանցիկ կետն է այդ գործում: Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք եւ հաղթելու ենք»,– պնդում էր այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Մամուլը տարօրինակ էր համարում այդ օրերին գլխավոր դատախազի պահվածքը, որը մերժել էր կասեցնել արտասահմանում գտնվող նախկին պաշտոնյաների հետախուզումը՝  Հայաստան վերադառնալու հնարավորություն չտալով։ Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միխայիլ Հարությունյանը, էլի ուրիշներ դատախազից ոչ թե խնդրել են կարճել իրենց նկատմամբ քրգործը, մեղադրանքից հրաժարվել, այլ ընդամենը թույլ տալ Ռուսաստանից դուրս գալ ու Հայաստան մտնել: «Սակայն տարօրինակ տրամաբանությամբ դատախազ Արթուր Դավթյանն արդեն մերժել է Գեւորգ Կոստանյանի միջնորդությունը, ու հասկանալի է, որ նույն ճակատագիրն է սպասվում նաեւ նախկին պնախարարի միջնորդությանը: Աներկբա է, որ Գեւորգ Կոստանյանի իրավական գիտելիքները կարող ենք օգտագործել ՄԻԵԴ-ում՝ ի նպաստ Հայաստանի շահերի, ինչպես նաեւ ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարանում, որոնց մասով արդեն իսկ Կոստանյանը Մոսկվայից գործընթացներ է սկսել, իսկ Միխայիլ Հարությունյանն էլ կարող է իր ռազմական գիտելիքներով, փորձով օգտակար լինել ռազմական որոշումներ կայացնելիս: Բայց դատախազը փակում է այս բոլոր ճանապարհները»,– գրում էր մամուլը եւ հարցնում. «Արժե՞ անձնական ամբիցիաները այդքան վեր դասել»:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր էսկալացիայի գլխավոր նախաձեռնողը Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանն է: «Նա աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում, նա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջերս սկսված հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն էր»,- ասել էր Ասադը:

Սիրիայի առաջնորդի խոսքով` Թուրքիան Սիրիայում տարբեր երկրներից ահաբեկիչների է օգտագործել, հիմա էլ նույնն է անում Լեռնային Ղարաբաղում, ինչը լրացուցիչ ապացույցի կարիք չունի։ 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրեց հակառակորդի կորուստները պատերազմի առաջին 9 օրերին. 3454 սպանված (ընդ որում, ոչ թե մոտավոր, այլ ճշգրիտ թիվ՝ NEWS.am), 126 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 379 զրահատեխնիկա, 4 «Սմերչ»։

Հիշեցնենք, որ 2021թ․ սեպտեմբերի 27-ին ԵԽԽՎ ընդունած բանաձեւում նշված էր, որ ամբողջ պատերազմի ընթացքում հայկական կողմից զոհվել է 3900, ադրբեջանական կողմից՝ 2900 զինծառայող։

Ավելի ուշ Արցախի ՊԲ-ն հրապարակեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված եւս 21 զինծառայողի անուն։

ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության վերաբերյալ.

«Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որպես անընդունելի սպառնալիք  տարածաշրջանային կայունության համար: Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ 2020թ․ հոկտեմբերի 2-ին: Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ու խաղաղ գործընթացն այլընտրանք չունեն, և ցանկացած փորձ` տանելու այն ռազմական լուծմանը վճռականորեն կասեցվելու է»:

Երեւանի ավագանին նիստ է գումարել եւ որոշել «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում Երեւանից բյուջեից 1 մլրդ 825 մլն դրամ է տրամադրվել 100 ավտոբուս գնելու համար՝ «Մուլտի Մոթորս» ՍՊ ընկերությանը: Օրվա փոխարժեք հաշվելու դեպքում ստանում ենք մեկ ավտոբուսը գնվելու է՝ 18 մլն 250 հազար դրամ կամ 37 հազարից ավելի դոլար։

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ճեպազրույցում հայտարարեց, որ Արցախը խաղաղություն չի խնդրի:

«Կարծում եմ` մեր հարեւան բարեկամ գերտերությունները հասկանում են, որ սա Արցախի հարցը չէ: Այդ Էրդողանն է ուզում իր քիթը խոթել Կովկասի մեջ: Թուրքիան առաջ է մղում Մեծ Թուրանի ծրագիրը: Բայց ես համոզված եմ, որ Էրդողանի վրա շուտով ճնշում կգործադրվի: Իրականում պատժամիջոցներն արդեն պետք է կիրառված լինեին: Էրդողանի հայտարարությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ոչ միայն ցինիկ են, այլեւ հուշում են, որ նա հիվանդ մարդ է»,- ասաց Թովմասյանը:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 5-ի՝ հանրությանը կամավորներին տրանսպորտով ապահովելու հորդոր-կոչին, Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն հայտնեց աջակցել կամավորագրված՝ նախկին զինծառայողների, հատկապես մարզերից՝ Երևանի կենտրոնական հավաքակայան տեղափոխման գործընթացի կազմակերպմանը:

Իրանի Խոդա Աֆարին շրջանի նահանգապետ Ալի Ամիրիրադը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակի սրման արդյունքում շրջանը խոցած արկերի քանակն ավելացել է: 10-ից ավելի արկ է ընկել Իրանի տարածք:

Այս հայտարարությունից կարելի էր ենթադրել, որ ռազմական գործողությունները հասել են Խոդաֆերինի կամրջի մոտ, ինչի մասին իշխանությունը լռում էր։

Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարեց, որ պատերազմն Ադրբեջանի  եւ Հայաստանի` Իրանի հարեւան երկու երկրների միջեւ,  եւ Սիոնիստական ռեժիմի, Թուրքիայի եւ ահաբեկիչների ներգրավվածությունն այս պատերազմում, ինչպես նաեւ պարբերական կրակոցներն ու ականանետային հարվածներն Իրանի տարածքի վրա մտահոգիչ են եւ պետք է դադարեցվեն:

Նա ասել էր, որ հարգում են բոլոր ազգերի տարածքային ամբողջականությունը, նաեւ այն, որ որոշումը ոչ մի դեպքում ռազմական չէ, այն պետք է լուծվի քաղաքական ճանապարհով. ուստի մենք դեմ ենք հանդես գալիս ցանկացած ռազմական գործողության: «Որոշ կողմնակի կողմեր նույնպես խթանում են լարվածությունը, ինչպիսիք են Սիոնիստական ռեժիմը եւ Թուրքիան»,- հավելել էր նա:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքեց ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր  գործելակերպը։ Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել: Ակնհայտ է որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները», գրել էր նա։

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի նոր գրառումը.

«Արցախում շարունակում է կայուն-լարված մնալ։ Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում թշնամու ահաբեկչական զորամիավորումներին․ դիրքային որոշակի հաջողություններ ունենք»,- նշել էր նա:

Ինչ դիրքային հաջողությունների մասին էր պնդում Վ.Պողոսյանը, հայտնի չէ մինչեւ օրս։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարեց, որ Մերձավոր Արեւելքի ահաբեկչական կազմակերպությունների հազարավոր զինյալներ են տեղափոխվում ղարաբաղյան հակամարտության գոտի:

Երեւանում տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Կողմերը քննարկել են  իրավիճակը հակամարտության գոտում։ Հիշեցնենք, որ նախօրեին Ռ.Քոչարյանն Արցախից վերադարձել էր Երեւան, իր խոսքով՝ կարեւոր հանդիպման նպատակով։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարեց, որ սկզբունքայնորեն աջակցում ենք ցանկացած երկրի, այդ թվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նաեւ, որ Ուկրաինան ցավում է նոր պատերազմի բռնկման համար ու պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ:

«Որպես երկիր, որը ռազմական հակամարտության արդյունքում ունի օկուպացված տարածքներ, մենք կողմ ենք ցանկացած պետության տարածքային ամբողջականությանը, եւ կարեւոր չէ, թե դա Հայաստանն է, Ադրբեջանը կամ այլ երկիր: Ուկրաինան այդ առումով միշտ աջակցել է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը՝ Ուկրաինային, այստեղ ասելիք անգամ չկա»,-ասել էր Կուլեբան:           

Նիկոլ Փաշինյանը պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ հոկտեմբերի 5-ին այցելեց Արցախ: Նա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրեց խորհրդակցություն: ՊԲ հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցեց առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես նաև ԶՈՒ առաջիկա քայլերի մասին:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերթական սպառնալիքները հղեց Ադրբեջան.

«Բարի գալուստ դժոխք. Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը: Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ»,-վստահեցրեց նա:

Առանց մեկնաբանության։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ գրոհը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարար Բաքու այցի ընթացքում ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց։

«Արցախի ՊԲ կողմից գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը ետ շպրտելու համար: Հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում էր հայտարարության մեջ։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անրեա Վիկտորինը ԱԺ-ում լրագրողներին ասաց. «Մենք հետեւում ենք իրադարձություններին, ԵՄ բարձր ներկայացուցիչն արել է իր մեկնաբանությունները. մենք նաեւ ուղիղ կապի մեջ ենք Հայաստանի ԱԳՆ-ի հետ: Մենք շատ հստակորեն ասել ենք, որ քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումը հանդուրժելի չէ որեւէ դեպքում»,- շեշտեց նա:

Դիտարկմանը, որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան չեն արձագանքում նման կոչերին եւ չեն դադարեցնում ռմբակոծությունները, այդ թվում քաղաքացիական բնակչության, ԵՄ դեսպանը խուսափողական պատասխան տվեց՝ ասելով. «Պետք է իրենց հարցնեք, ոչ թե ինձ»:

Ա.Վիկտորինի հետ հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հայտարարեց, թե ԵՄ դեսպանին բոլոր մանրամասներով ներկայացրել են իրավիճակը.

«Մեր գլխավոր ուղերձն այն է եղել, որ Թուրքիայի գործողությունները պետք է աներկբայորեն դատապարտվեն, որ չի կարելի հավասարության նշան դնել կողմերի միջեւ, եւ կոչ անել երկու կողմերին», ասաց նա:

Հարցին, թե արդյոք ԵՄ-ում չեմ մտածում Ադրբեջանին ու Թուրքիային հայտարարել տեռորիստական պետություններ, Եղոյանն արձագանքեց.

«Դա կախված կլինի իրադարձությունների հետագա զարգացումներից: Նման որոշումները մեկ շաբաթում չեն կայացվում»:

Թե քանի շաբաթում են կայացվում՝ Եղոյանը չի ասել։

Անդրադառնալով Արցախի հնարավոր ճանաչմանը, Արման Եղոյանն ասաց.

«Մենք հիմա գտնվում ենք ռազմական գործողությունների ակտիվ փուլում: Պատերազմի ավարտից եւ մեր հաղթանակից հետո ունենալու ենք լրիվ այլ իրավիճակ: Այսօր մենք գործ ունենք ոչ թե Ադրբեջանի հետ, Ադրբեջանի հարցերը լուծված են եւ այդ հարցերը, զարմանալիորեն լուծել է Թուրքիան»:

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակը Ֆեյսբուքում շարունակում էր հետեւողականորեն հաղթական տրամադրությունների տարածումը. 

«ՊԲ հուժկու հարվածների արդյունքում, թշնամին ունի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Իսկ ժամեր առաջ առաջնագծի հարավային թեւով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար։ Ամուր ենք կանգնած»,- գրել էր Պողոսյանը։

Քիչ անց Վահրամ Պողոսյանը գրեց,

«Նախորդ գրառումս կատարելուց  անմիջապես հետո թշնամին վերսկսել է  հրետակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը։ Որ դրան կհետեւի Պաշտպանության բանակի համաչափ պատասխանն, ընդամենը րոպեների հարց է, բայց, որ խաղաղ բնակչությանը նորից թիրախավորելով, թշնամին հասկացնում է, որ առաջնագծում վիճակ չունի, դա միանշանակ ստուգված փաստ է։ Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։ Մի պարզ պատճառով, որովհետեւ մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։ Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք։ Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետեւանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլեւ արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են։

Հ.Գ.

Հուսով եմ, չեք ենթադրում, որ դեպի ճակատ են գալիս )»,- ծաղրանքով գրում էր Պողոսյանը։

Առանց մեկնաբանության։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի նոր գրառումը.

«Ահաբեկիչներ, մի բան հասկացեք, ինչքան էլ Մերձարաքսյան դաշտերը հարթավայր են, միեւնույնն է մեր տղերքը լեռների արծիվներ են։ Սողունը արծիվ չի կարող հաղթել»։

ԱԺ նիստում խորհրդարանական ժամի ընթացքում փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Ադրբեջանն իր ծավալած ռազմական գործողություններում որեւէ ռազմական հաջողության չի հասել: Նա նաեւ դիմեց ադրբեջանցիներին.

«Ուզում եմ՝  իմանաք, որ ձեզ ամենալկտի ձեւով ստում են: Ադրբեջանը որեւէ ռազմական հաջողության չի հասել: Մեզ մոտ նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցի զինվորներին նետում են մսաղացը, որպեսզի Ալիեւը կամ այլ պետական պաշտոնյա կարողանա համացանցում գրառում անել կամ լուսանկար տեղադրել: Ես վստահեցնում եմ, որ ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու, իսկ Ալիեւը փախչելու է Ադրբեջանից՝ թողնելով Ադրբեջանը աղքատության մեջ»:

Առանց մեկնաբանության։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանի ջանքերն այժմ կենտրոնացած են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման համար շփումների վրա։ «Առավել ակտիվ քայլեր այժմ դժվար է պատկերացնել»,- ասել էր Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Ռուսաստանն առավել ակտիվ քայլեր կձեռնարկի իրավիճակը կարգավորելու համար:

«Դեռ լարվածությունը շարունակվում է, շարունակում են մարդիկ զոհվել, ինչը բացարձակ անընդունելի է: Դուք գիտեք, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները համատեղ հայտարարությամբ հանդես եկան, հայտարարություն արեցին նաեւ ԱԳՆ ղեկավարները»,- նշել էր Պեսկովը:

Կեսգիշերին մոտ լրահոսն ամփոփվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գրառմամբ.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել ենք ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը: Սա ծանրագույն մարտահրավեր է, որը պարտադրվել է մեզ, և մենք այն ընդունել ենք միայն հաղթանակելու տրամադրությամբ»: