ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը կարծում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը կառավարության ախատակազմին անցնելը, չի նշանակում, որ այն վերադարձվել է ժողովրդին:

«Պետական բյուջեն եւ ժողովրդին վերադարձնելը լրիվ տարբեր կատեգորիաներ են, թե իրավական իմաստով, թե բովանդակային: Բյուջեն կարելի է ասել, որ մի ընդհանուր հարթակ է, որտեղ օրինակ ԱԺ շենքի պահպանման պայմաններն են լուծվում, կամ տրամադրվում են աշխատավարձեր եւ այլն: Բյուջեն դա ժողովուրդը չէ, այն դեպքում կլիներ բյուջեն ժողովուրդը, երբ Քաջարանի բանկիչներին անհատական փոխհատուցեն: Պետական բյուջե մուտքագրելը եւ ժողովրդին վերադարձնելը բնավ նույնը չեն: Օրինակ թող ասեն` վերադարձնում ենք ժողովրդին, այն է, բոլոր սոցիալական նպաստ ստացող մեր հայրենակիցներին տրամադրվելու է այդ գումարները: Բյուջե ցանկացած գումար, որ մուտք է գործում, նույնիսկ արտաքին պարտքի սպասարկմանն է ուղղվում, հիմա որ ասում են վերադարձնում են ժողովրդին, ժողովուրդը պատկերացնում էր, որ արտաքին պարտքը պետք է սպասարկվի՞»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց, ոևր առհասարակ գաղտնի է  պահվում, եթե ինչ ճանապարհով է փոխանցվել, բայց այս պահի դրությամբ նշված բաժնեմասի տնօրինումը եւ պատասխանատվությունը գտնվում է վարչապետի աշխատակազմի իրավասության տիրույթում:

«Փաստացի այդ բաժնեմասով  պատասխանատուն հանդիսանում է Արայիկ Հարությունյանը, այն պարագայում, երբ մենք ունենք ֆինանսների նախարարություն, ունենք էկոնոմիկայի նախարարություն: Բայց ասյտեղ հարց է առաջանում` ավելի լա՞վ է Արայիկ Հարությունյանը տնօրինի, թե՞ օրինակ էկոնոմիկայի նախարարը, որի տնտեսական կառավարմանն ընտրված մոդելը դա սնանկ ճանաչվելն է ու դրանով պարտքերը ջրելը: Իրականում  պատասխանը հետեւյալն է` ոչ մեկը, ոչ` մյուսը, պետությունը երբեք լավ կառավարիչ չէ, մասնավոր ոլորտում պետությունը չպետք է իր մասնակցությունը ունենա, դա նոնսենս է»-ասաց նա:

Վարդեւանյանը նշեց, որ այս մոդելը արդյունավետ չէ, կամ պետությունը միանձնյա կառավարիչ է լինում, որը արդյունավետ մոդել չէ, կամ ընդհանրապես չի մասնակցում, այլ չերեւացող ձեռքով ստեղծում է կանոնակարգումները: