Իմ դիրքորոշումը հետեւյալն է. չի կարող միջանցք տրամադրվել Ադրբեջանին եւ ուժով որեւէ երկիր, մեր թշնամի երկիր Ադրբեջանը չի կարող ստանալ այդ միջանցքը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Սա արդեն կվերածվի լայնածավալ պատերազմի եւ Հայաստանն ու մեր ժողովուրդը չի հանդուրժելու ոտնձգություն մեր երկրի նկատմամբ: Հիմա փորձում են հրադադարի հասնել եւ առաջ գնալ խաղաղ ճանապարհով: Եթե թշնամական ոտնձգությունները շարունակվեն, սա չի հանդուրժվելու, որեւէ մեկը չի հանդուրժելու ՀՀ տարածքի վրա հարձակում: Մեր համբերությունն էլ սահման ունի: Անկախ ամեն ինչից, ռազմական առավելությունից եւ այլն, Սյունիքում որեւէ հաջողության թշնամին չի կարող այլեւս հասնել»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք Ադրբեջանի այ քայլը պայմանավորված էր հենց միջանցք ստանալու ցանկությամբ, պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե Ադրբեջանի այս ոտնձգությունն ինչով էր պայմանավորված, բայց այո, տարբերակներից մեկը միջանցքը կարող էր լինել»:

Դիտարկմանը, որ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը երեկ նշում էր 15 զոհի մասին, իսկ ՊՆ-ն՝ ընդամենը մեկ զոհի մասին, ԱրմենԽաչատրյանն ասաց. «Պատերազմական իրավիճակ է, կապ է կորել, մարդկանց հետ ճշտումների խնդիր կա: Ես հենց այս պահին որեւէ թիվ չեմ կարող հնչեցնել, քանի որ 100 տոկոսով  չեմ ճշտել, հատկապես զոհերի հետ կապված:

Այո, դիրքեր կան, որ հետ ենք վերցրել, բայց այս պահին որտեղ ինչ ենք վերցրել, որտեղ ինչ վիճակ է, ինչ ուժեր են կենտրոնացված, չեմ կարծում նպատակահարմար հրապարակելու»: