Դուք երեք թվեր էիք հրապարակում, ես այս 30 տարիների ընթացքում առնվազն 3 դեպք գիտեմ, որ կուսակցությունները, որոնք ինչ-որ մի պահի շատ ձայներ էին հավաքում, այդ դիրքերից էին խոսում, ասում էին՝ մենք այսքան, ՀՅԴ-ն 5 տոկոս, 10 տոկոս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Ո՞ւր են նրանք հիմաԷնպես որ ես զգուշացնում եմ, ուղղակի հորդորում եմ ձեռնպահ մնալ այդ հռետորաբանությունից եւ նաեւ հաշվի առնել թրենդը: Թրենդը շատ ավելի վատ է, քան երեւի տվյալ պահին գրանցված արդյունքները»:
Անդրադառնալով Վարդենիսում տեղի ունեցող զարգացումներին նա նկատեց. «Նաեւ չեմ կարող չարձանագրել այն, ինչ տեղի է ունենում Վարդենիսում: Տեղական ընտրություններում հավանաբար ոչ բաղձալի արդյունք գրանցելուց հետո մեկ էլ հանկարծ քրեական գործ է հարուցվում ընդդիմադիր բլոկներից մեկի ղեկավարի նկատմամբ, որոնք մեծամասնություն էին ստացել ընտրություններում: Մենակ խնդրում եմ՝ մի ասեք, որ դա պատահականություն է, մի ասեք, որ դա Հայաստանում, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական զարգացումների եւս մի դրսեւորում չէ:
Այն, ինչ տեղի է ունենում Վարդենիսում, խիստ արգահատելի է, անթույլատրելի է եւ երկրի ու սերունդների նկատմամբ հանցագործություն է»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա կազմելու մասին հայտարարություն տարածեցին, «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին Սեւանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ Արամ Հարությունյանին, որը նախկինում Վարդենիսի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել, առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել:
Դրանից հետո Վարդենիսի բնակիչները, ի աջակցություն Արամ Հարությունյանի, փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան:











