Ես սուր քաղաքական ճգնաժամ, որ հատկապես վերջերս տեղի ունենար եւ հիմք դառնար քաղաքապետին անվստահություն հայտնելու, չեմ տեսել, քանի որ ավագանու նախկին ննիստին նման ճգնաժամ չկար եւ մենք շատ հանգիստ շարունակում էինք աշխատանքը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երեւանի քաղաքապետարանում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը, ով շուրջ մեկ տարի առաջ դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից:
Հարցին, թե իր կարծիքով ինչու է ՔՊ-ից դուրս եկել քաղաքապետ Հայկ Մարությանը, նա պատասխանեց. «Ինձ հայտնի չէ, բայց ես կարող եմ հասկանալ: Ինքս էլ 2020-ի գարնանը հայտարարել էի, որ դուրս եմ գալու, քանի որ գտնում եմ, որ հեղափոխական կուսակցությունը չի պասարկում հեղափոխության օրակարգը: Ես լավ հիշում եմ Հայկ Մարությանի նյարդային վիճակը, երբ գալիս էր մեզ հետ հանդիպման եւ «Իմ քայլը» խմբակցությունը չուներ քվորում, որ կարողանայինք մեր խորհրդատվական կարծիքը հայտնեինք: Այն ժամանակ Մարությանը ՔՊ անդամ էր, ՔՊ վարչությունը լավ հարաբերությունների մեջ էր նրա հետ: Այն ժամանակ Մարությանն ասում էր՝ խնդրում եմ միջոցներ ձեռնարկեք, որ խմբակցության անդամները խմբակցության նիստին ներկա լինեն: Դուք կարող եք ստուգել, թե ովքեր են ներկա եղել այդ նիստերին, փորձել աշխատել քաղաքապետի հետ: Չար կատակ է երեւի, բայց դրանք այն մարդիկ են, որոնք այսօր դեմ են Հայկ Մարությանի հրաժարականին: Իսկ մարդիկ, որոնք 2 տարի չէին գալիս առհասարակ, կամ գալիս էին հեռախոսների մեջ ֆեյսբուքում էին մտած, որեւէ առաջարկ չեն արել քաղաքապետին, այսօր այդ մարդիկ ուզում են որոշել, թե ով է լինելու Երեւանի քաղաքապետը»,-ասաց Աբգարյանը:
Նա ստորություն որակեց իշխանությունների կողմից կեղծ տեղեկություններ տարածելը, թե Հայկ Մարությանը հանդիպում է ունեցել Ռոբերը Քոչարյանի հետ:
«Թող ՔՊ-ն չկասկածի, որ մի գեղեցիկ օր ժողովուրդը կհամախմբվի նաեւ իրենց դեմ, քանի որ ժողովուրդը դուրս էր եկել ոչ թե Նիկոլ Փաշինյանին ընտրելու համար, այլ րդարությունը վերականգնելու համար: Ժողովուրդը անարդարություն չի հանդուրժելու»,-ասաց ավագանու անդամը:
Նա նաեւ հավելեց. «Ես չէի ուզի, որ Երեւանը ղեկավարի մի մարդ, որը երեք տարի աշխատելով Հայկ Մարությանի հետ, ժպտալով, վերջում դաշույնով հարվածի իր ղեկավարին: Դա ինձ համար անընդունելի է»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր նախատեսված է Երեւանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում 38 հարց է, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտում է նիստը: Իսկ վաղը՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ, որի օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծն է:











