Մենք արդեն երեք տարի խոսում ենք, որ պետք է քաղաքապետը հրաժարական տա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երեւանի քաղաքապետարանում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:
«Բազմիցս լսել եք, որ ես անընդհատ ասել եմ, որ լավ չեն աշխատում: Ես անգամ ցույց եմ տվել իմ թղթապանակը, որտեղ կան երեք տարվա ընթացքում մեզ դիմած բնակիչների դիմումները: Բոլոր հարցերը մերժված, լղոզված, անհեթեթ որոշումներ: Ես լավ աշխատանք չեմ տեսել քաղաքապետի կողմից»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ «Իմ քայլը» քաղաքական պտճառաբանություններով է հիմնավորում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու քայլը, նա արձագանքեց. «Ես իրենց քաղաքական գործերին չեմ ուզում խառնվել: Մեզ էլ էր սա հարմար, որովհետեւ մենք երեք տարի այս մասին խոսում ենք»;
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անընդհատ իր բեզնես ծրագրերի հետ կապված ցանկացել է քաղաքապետի հետ հանդիպել, սակայն խնդիրներ են եղել եւ դա է պատճառը, որ ԲՀԿ-ն այօր միացել է քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, Ներսիսյանը պատասխանեց. «Քանի որ քարոզարշավի ժամանակ մենք բազմիցս ասել եբնք, որ սոցիալական բնակարանաշինություն ենք կազմակերպելու, վերելակների հետ կապված խոստումներ ենք տվել: Բայց մարդիկ ընտրեցին իրենց: Մենք աաացինք՝ քանի որ քաղաքացիներին խոստացել ենք, մեզ տարածք տվեք, մենք սոցիալական բնակարանաշինություևն անենք հանուն երեւանցիների: Տարբեր ներդրումների մասով մարդիկ ենք հրավիրել Հայաստան, շեյխերը եկել էին, որ իրենց հոր անունով անվճար հիվանդանոց կառուցեին, հյուրանոց կառուցեին: Բայց ականջալուր չեղան: Պարոն Մեսչյանն էլ էր ներդրողներ բերել Հայաստան: Դա եղավ պատճառը, որ թողեց գնաց: ԲՀԿ-ն շատ ներդրողներ էր բերել Հայաստան»:
Հարցին, թե արդյոք ազնիվ է այս մեխանիզմով փոխել քաղաքապետին եւ քաղաքապետ դարձնել Հրաչյա Սարգսյանին, որին երեւանցիները չեն ընտրել, ԲՀԿ-ական գործիչն արձագանքեց. «Իրենք ասում են, որ երեւանցիները ձայն են տվել կուսակցությանը: Իրենց մեկնաբանությունները ճիշտ եմ համարում, քանի որ չի կարող մեկ մարդ լինել ոչ կուսակցական եւ լինի քաղաքապետ։ Երեւանցիները կուսակցական են ընտրել»:
Նշենք, որ Երեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երեւանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:
Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը եւ վայր դրել մանդատները:











