Փարաքար համայնքում, որտեղ այսօր նախատեսված էր համայնքապետի երդմնակալության արարողությւնը,  ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը: «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, դրսում, մշակույթի տան դիմաց ամբիոն է տեղադրել եւ կազմակերպել երդմնակալության արարողությունը:

Իր խոսքում Վոլոդյա Գրիգորյանն ասաց, որ ապշած է ժողովրդի ընդունելությունից: Այնուհետեւ նա ընթերցեց իր երման տեքստը:

Դրանից հետո Վոլոդյա Գրիգորյանը քաղաքացիների ուղեկցությամբ մոտեցավ համայնքապետարանի շենքին, ակայն այնտեղ ոստիկանները մի քանի շարքով շղթա էին կազմել եւ թույլ չէին տալիս ներս մտնել:

Այստեղ են «Ապրելու երկիր» կուսակցության անդամներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը: Վերջինս ոստիկաններին խնդրեց թույլ տալ, որ Վոլոդյա Գրիգորյանը մտնի համայնքապետարանի շենք, քանի որ նա նաեւ ավագանու անդամ է: Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ ժամանակավորապես սահմանափակվել է անձանց մուտքը, իսկ պատճառներն իմանալու համար խնդրեց գրավոր դիմել ոստիկանություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Փարաքար համայնքում այսօր համայնքապետի երդմնակալության օրն է, սակայն բանն այն է, որ միանգամից 2 անձ իրենց համարում են ընտրված համայնքապետ՝ Ապրելու երկիր կուսակցության եւ «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համարները։

Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։

Նախ համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, օրն ընտրվել է 10 ձայնով: Ըստ «Ապրելու երկրի» պարզաբանման,  օրենքը թույլատրում է  40 %-ով ընտրել համայնքապետի համար առաջադրված միակ թեկնածուին։

Դրանից հետո եկել են Դավիթ Մանուկյանի թեկնածությունը պաշտպանող ավագանու անդամները եւ Դավիթ Մինասյանին համայնքապետ են ընտրել 11 ձայնով, որը 50 տոկոսից ավելի է:

Այս պահին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել են Փարաքարի մշակույթի տան բակում. նրանք պնդում են, որ ժամը 12-ին պետք է տեղի ունենա իրենց թեկնածուի երդմնակալությունը: