Այս պահին դատարանում վիճարկվում է «Լուսավոր Հայաստանին» մանդատ տալու հարցը եւ եթե դատարանը բավարարի հայցը, ապա «Մամիկոն Ասլանյան» դաշինքին բաժին կհասնի ոչ թե 15 մանդատ, այլ 14: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, որ Վանաձորի 33 հոգանոց ավագանու մանդատներից 15-ը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է ստացել, եւս երկու մանդատ ստացել է ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցությունը, եւ նրանք երկուսով կարող են համայնքապետ ընտրել, քանի որ 17 ձայնը 33 հոգանոց ավագանու կեսից ավելին է:

Նշենք, որ Վանաձորի ավագանի է անցել 5 ուժ. Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը» (15 մանդատ), երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է  (9 մանդատ), երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (5 մանդատ), իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» (2 մանդատ),  եւ «Ապրելու երկիր» (2 մանդատ) կուսակցությունները: Այսինքն եթե ՔՊ-ն «Ապերլու երկիրը» եւ ՀԱՍԿ-ը միավորվեն, նրանք կունենան 16 մանդատ, եւ եթե «Լուսավոր Հայաստանը» եւս մեկ մանդատ ունենա եւ որոշի եւս միանալ այդ երեք ուժերին, ապա նրանք կարող են համայնքապետ ընտրել իրենց թեկնածուին:

«Չի բացառվում, որ դատարանը չբավարարի ԼՀԿ-ի դիմումը, եւ այդ դեպքում ավագանու նիստում ուժերի հարաբերակցությունը կլինի 16-16 (քանի որ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է-խմբ): Թե դրանից հետո ինչ կլինի, Աստված գիտի»:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար, սակայն այն չկայացավ: Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ընթերցեց վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:

Բացի այդ, պարզվեց, որ ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, ինչը նշանակում է, որ նիստն իրավազոր չէ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել էր 5 ուժ։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը» (15 մանդատ), երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է  (9 մանդատ), երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (5 մանդատ), իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» (2 մանդատ),  եւ «Ապրելու երկիր» (2 մանդատ) կուսակցությունները:

Դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու  առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում։